Այսօր տեղի է ունեցել   Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի նիստը, որի ժամանակ հրապարակվել են  «Ղ-Տելեկոմ», «ԱրմենՏել» և «Օրանժ Արմենիա» ընկերությունների հանդեպ հարուցված վարչական վարույթի արդյունքները:

Բազմաթիվ քաղաքացիներից ստացված դիմում-բողոքների հիման վրա Հանձնաժողովը ուսումնասիրություն է իրականացրել շարժական մոդեմի (USB) միջոցով մատուցվող ինտերնետ ծառայությունների ոլորտում: Ուսումնասիրության ընթացքում բացահայտվել են մի շարք խնդիրներ՝ կապված «Ղ-Տելեկոմ», «ԱրմենՏել» և «Օրանժ Արմենիա» ընկերությունների գործունեության հետ:

Մասնավորապես, վերոնշյալ ընկերությունները մշակել են որոշակի պայմաններ, որը նրանց հնարավորություն է տալիս պայմանագրային բաժանորդներից գանձել վճարներ նույնիսկ այն ժամանակահատվածի համար, երբ վերջիններիս ինտերնետ ծառայություն չի մատուցվել:

ՏՄՊՊՀ-ը բացահայտել է նաև, որ որոշակի բարդություններ են առաջանում նաև այն դեպքում, երբ բաժանորդները դիմում են պայմանագիրը լուծարելու համար: Այս գործընթացը հաճախ ընկերությունների կողմից արհեստականորեն երկարացվում է: 

Բաժանորդը պետք է վճարի միայն փաստացի օգտագործած ծառայության համար, ինչը օրենքի պահանջն է: ՏՄՊՊՀ որոշմամբ «Ղ-Տելեկոմ», «ԱրմենՏել» և «Օրանժ Արմենիա» ընկերությունները ստացել են խիստ նախազգուշացում՝ խախտումը վերացնելու հանձնարարականով: