Քաղաքական գործիչ Գուրգեն Եղիազարյանն այսօր կայացած ասուլիսի ընթացքում խոսեց երկրի առջև ծառացած խնդիրների մասին, նշելով, որ դրանց լուծման միակ տարբերակը Սերժ Սարգսյանի հրաժարականն է:

Պատասխանելով YerevanNews.am-ի այն հարցին, թե արդյո՞ք ճիշտ է ոչ իշխանական ուժերի՝ կառավարության անվստահություն հայտնելու քայլը, նա նշեց, որ որպես առաջին քայլ շատ ճիշտ է, սակայն հետագայում պետք է դիմել այլ քայլերի:

Անդրադառնալով երկրի վիճակին, նա նշեց, որ ամեն սովորական քաղաքացի ամեն օր արթնանում է՝ հասկանալով, որ ավելի վատ է ապրում, և այս վիճակը չի կարող երկար պահպանվել:
«Մինչդեռ իշխանությունը տզրուկի նման կարմիր գծեր է քաշել ու հանիրավի 2-3 միլիոն եվրո է գրպանում՝ առանց ծառայություն մատուցելու», - նշեց նա, հավելելով, որ տարակուսում է, թե ինչո՞ւ պետք է ինքն իր քաղաքում մեքենա կայանելու համար փող մուծի ինչ-որ տզրուկի, ով ներկայացնում է երկրի նախագահի մերձավոր շրջապատը:

«Գնացեք ձեր սառնարանը բացեք, կտեսնեք, որ մուկը մտել է այնտեղ ու ինքնասպան է եղել, որովհետև ուտելիք չկա: Սերժ Սարգսյանն էլ է հասկացել որ կառավարման իր էքսպերիմենտը չի ստացվել: Երբ ցույց տվեցին Յանուկովիչի ոսկե զուգարանը, մեր հայ պաշտոնյաները վախից գնացին, փոխեցին իրենց ոսկե զուգարանները»,- ասաց Գուրգեն Եղիազարյանը: