Այսօր կրկեսի և կինոյի դերասան, ծաղրածու, մնջկատակ, ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Լեոնիդ Ենգիբարյանի ծննդյան օրն է:
Լ. Ենգիբարյանը ծնվել է 1935թ. մարտի 15 -ին, 1953–1955թթ. սովորել է Մոսկվայի ֆիզիկական կուլտուրայի ինստիտուտում, զբաղվել է բռնցքամարտով, ստացել 1-ին կարգ: 1959թ. ավարտել է Մոսկվայի պետական կրկեսային և էստրադային արվեստի ուսումնարանը: Նույն թվականից Հայկական կրկեսի կոլեկտիվի արտիստ էր: 1971թ. ստեղծել է մնջախաղի էստրադային թատրոն՝ սկզբնավորելով ինքնատիպ, նոր՝ «ենգիբարյանական ուղղությունը»:
Լավագույն ներկայացումներից են «Աստղային անձրևը», «Ծաղրածուի տարօրինակությունները»: Ենգիբարյանը ստեղծել է ողբերգական և կատակերգական տեսարաններ, բազմազան կերպարներ ու իրավիճակներ, կիրառել բարդ հնարքներ, որոնք ցուցադրել է նաև կրկեսում:
Խոհափիլիսոփայական երանգ ունեն Ենգիբարյանի «Փողոցային ակրոբատ», «Քայլեր», «Ողջն ու մեռածը», «Բռնցքամարտ», «Սիրտը ափի մեջ», «Հովանոց» ստեղծագործությունները,կինոյում` «Կոմունիստ» (1958թ.), «Ճանապարհ դեպի կրկես» (1963թ.), «Մոռացված նախնիների ստվերները» (1964թ.), «Մանեժում պատանեկությունն է», «Այբոլիտ-66» (1967թ.), «Զարդեր իմ սիրելիի համար» (1972թ.)և այլ ֆիլմերը: Նրա գործունեությանն են նվիրված «Ծանոթացեք, Լեոնիդ Ենգիբարովն է», «2-Լեոնիդ-2» կինոնկարները:
Ենգիբարյանը գրել է «Առաջին ռաունդ» (1971թ.), «Վերջին ռաունդ» (1984թ.) գրքերը (երկուսն էլ՝ ռուսերեն), արձակագիր և կինոռեժիսոր Վասիլի Շուկշինը նրան համարել է հիանալի գրող: 1964թ. Պրահայում ծաղրածուների մրցույթում շահել է 1-ին մրցանակ: Հյուրախաղերով հանդես է եկել արտասահմանում:
Ներկայացնում ենք նրա նովելներից մեկը.
Ես կրկին միայնակ եմ
Տանջալի է: Սարսափելի է, գալիքը թվում է լիովին մռայլ: Զարմանալիորեն դժվար է, բայց այնքան էլ նոր բան չէ միայնակ մնալը: Մտերիմ մարդ չկա, կին, ով կհավատա, կջերմացնի քեզ, և արդեն, երևի թե, այլևս չի լինի: Սա է դառը ճշմարտությունը…
Իսկ վաղը տանջալիորեն դժվար, տաժանակիր աշխատանք է, որի իսկական գինը միայն դու գիտես: Եվ հաջողությունն այնքան աննշան կլինի, եթե իհարկե լինի, փոխարենը ինչ սարսափելի է պարտությունը: Իմ հանդիսատես, ես հավատում եմ այն բանին, որ դու պիտի բարի լինես: Ինչի՞ մասին ես դու այսօր, այժմ, այս երեկո, մտածում, դու, որ վաղը գալու ես ինձ նայելու: Երևի, ոչ իմ մասին: Իսկ եթե նույնիսկ իմ մասին, քո մտքով էլ չի անցնի, թե ինչ տխուր է, և ինչքան չի ուզում ապրել այս ծաղրածուն, թե ինչ միայնակ է նա: Համ էլ քաղց է զգում: Այդ ինչպե՞ս է պատահում, որ սերը և սիրո մեջ վիթխարի պահանջկոտությունը բաժանման է բերում:
Մի՞թե քո մտքով կանցնի, որ ես լիովին, հասկանու՞մ ես, բացարձակապես մենակ եմ: Ինչպես բացատրեմ, որ ես չեմ կարող ներել սիրելի կնոջը, նրա սովորական մարդկային կանացի անցյալը, որովհետև ինձ համար իմ սիրելիի անցյալը, ներկան և ապագան` միևնույն բանն է, որովհետև ես սիրել եմ նրան այն օրը, երբ նա ծնվել է, և կսիրեմ մինչ ի մահ, և այն ամենը, ինչ կկատարվի նրա հետ այդ ընթացքում, ինձ է վերաբերում, այդ ամենը ես ընկալում եմ այնպես, ասես դա կատարվել է այսօր առավոտյան:
Չեմ հասկանում, ոչինչ չեմ հասկանում, չեմ հասկանում ձեր օրենքները, ձեր բարոյականությունը, ձեր սերը, մեծահասակներ:
Չգիտեմ, թե ես ինչպես եմ ապրելու: Ձեր աշխարհում ես չկարողացա ապրել, իսկ իմում` ես լրիվ միայնակ եմ: