Օրեր առաջ mamul.am կայքում տեղադրվեց «Պարի՛ր, թե ծանոթ ունես» վերնագրով մի նյութ, որի հեղինակը՝ Դիանա անունով մի աղջիկ, «Պարի՛ր, թե կարողես» նախագիծը որակավորել էր որպես անարդար, էժանագին նախագիծ, որտեղ փողի միջոցով են հաղթողին ընտրում կամ ռեժիսորն է ընտրում՝ սիրելով «կյաժ» մազեր, անտեսվում է ժուրիի կարծիքը, աղանդավոր եկեղեցի է հովանավորում մասնակիցներից մեկին, որի հաղթանակը անխուսափելի է՝ մատնանշելով տղա մասնակցին:
Այս նյութի վերաբերյալ LoveYou.am-ը զրուցեց Շանթ հեռուստաընկերության «Պարի՛ր, թե կարող ես» նախագծի PR մենեջեր Լիանայի հետ, ով պատասխանեց՝ «Մենք նկատել ենք այս նյութը եւ կարեւորություն չենք տալիս ու չենք ցանկանում ինչ-որ մեկնաբանություն տալ, քանի որ նյութի հեղինակը հանդես է գալիս կեղծ պրոֆիլով, մենք այն չենք կարող լուրջ համարել: Դա ընդամենը ինչ-որ մեկի կարծիքն է»:
«Պարի՛ր, թե ծանոթ ունես» նյութի մեկնաբանություններում բազում կարծիքներ կան. ոմանք համամիտ են հեղինակի՝ Դիանայի հետ, ոմանք էլ՝ ոչ:
Նշենք նաեւ, որ իրենց մեկնաբանություններով հանդես էին եկել նաեւ «Պարի՛ր, թե կարող ես» նախագծի մասնակիցները՝ Արտաշ Սարոյանը, Նարեկ Մարտիրոսյանը եւ շատ ուրիշները, որոնք միանշանակ ժխտում են այն ամենը, ինչ գրված էր նյութում:
Ավելացնենք, որ մեկնաբանությունում նկատեցինք mamul.am-ի աշխատակցի կողմից արված հայտարարությունը, որի անունը Լուսինե է՝ «Ուշադրություն։ Այս հոդվածը ես եմ հրապարակել, բայց հեղինակը դպրոցական մի աղջիկ է, անունը՝ Դիանա։ Ինքն ինձ խնդրեց հրապարակել այս նյութը, ես էլ առանց այն կարդալու հրապարակեցի։ Հետո, երբ կարդացի և հասկացա, որ ամբողջությամբ բամբասանք է, փորձեցի ջնջել, չստացվեց։ Իր բարեկամներից մեկն է մասնակցել նախագծին և դուրս մնացել։ Այս բամբասանքը տարածելով էլ, ըստ երևույթին, փորձում են վրեժ լուծել։ Ես ինքս ծանոթներ ունեմ, ովքեր մասնակցել են այս նախագծին և հաստատ կարող եմ ասել, որ այս նյութը ծայրից ծայր սուտ է։ Նոր եմ նկատել, որ ինքն էլ է գրանցված Մամուլի խոսնակ բաժնում, բայց, չգիտես ինչու, գերադասեց իմ միջոցով սա հրապարակել։ Ցավում եմ, որ ակամայից ներքաշվեցի այս երեխայական կեղտոտ խաղի մեջ»:
Հիշեցնենք, որ «Պարի՛ր, թե ծանոթ ունես» նյութում ոչ մի փաստեր չէին ներկայացված, պարզապես կարծիք, ով ցանկացել է այն բարձրաձայնել: Եվ mamul.am-ը, չհետեւելով էթիկայի կանոններին, առանց նյութը կարդալու, հրապարակել է, ու հանդիսացել բավականին մեծ ու անհիմն աղմուկի հեղինակ:
Մեկնաբանությունները թողնում ենք ընթերցողին: