«Հրապարակ»-ն իր խմբագրականում գրում է. «Երկար շփոթից ու լռությունից հետո հայկական պաշտոնական մարմինները կամաց-կամաց սթափվում են և սկսում իրենց վերաբերմունքն արտահայտել Ուկրաինայի և Ղրիմի դեպքերի առիթով:

Եթե հայաստանյան արձագանքը զգուշավոր է և միջազգային իրավունքի նորմերի շեշտադրումով, ապա հայկական երկրորդ պետության՝ Ղարաբաղի Հանրապետության վերաբերմունքը միանշանակ պրոռուսական էր. «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Ազգային ժողովի խմբակցությունները ողջունում են Ղրիմի ժողովրդին` պատմական հնարավորությունն իրացնելու առթիվ»: Ավելին՝ երեկ Ղարաբաղում իսկական ցնծություն էր՝ հանրահավաք, 88-ի հուշեր, նորից արթնացած հույսեր, որ Ղարաբաղի հարցն էլ կլուծվի: Մի բան պարզ չէր՝ ի՞նչ ձևով են պատկերացնում մեր հայրենակիցները ԼՂՀ հարցի լուծումը:

Մի՞թե ղրիմյան տարբերակն ընդունելի է նրանց համար, և այժմ արդեն ոչ միայն Հայաստանին «միացման» մասին չէ խոսքը, այլև անկախությունն էլ մղվել է հետին պլան, և նոր տեսլական է հայտնվել՝ մեծապետական հավակնություններ ունեցող Ռուսաստանի կազմում ծվարելու և նոր սովետական միության մեջ ամփոփվելու տեսքով: Մի՞թե Զորի Մագելանիչի նամակը հասել է նպատակակետին և իր սև գործն արել: Մի՞թե 20 և ավելի տարիների պայքարն ու զրկանքները սրա համար էին, որ Ղարաբաղը վերադառնա մինչ88-յան կարգավիճակին»։


Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։