Երևան-Ապարան ավտոճանապարհը գյուղացիները կրկին փակել են: Նրանք քարեր են շարել Երեւան-Աշտարակ մայրուղու վրա ու մայրուղին փակել:

Վերջիններս պնդում են, որ իրենց խաբել են՝ ասելով, որ ՀԷԿ-ի շինարարությունը չի շարունակվի, սակայն այսօր առավոտյան շինաշխատանքները վերսկսվել են:

Գյուղացիների պահանջը մեկն է. վերջնականապես դադարեցնել ՀԷԿ-ի շինարարությունը, այլապես կանանց և երեխաներին էլ կբերեն ճանապարհը փակելու:

«Պետք լինի հարսներին ու երեխեքին էլ կբերենք ճամփա, որ հասկանան ստեղ մարդ ա ապրում»,-սպառնում են գյուղացիները:

Հիշեցնենք, որ ՀԷԿ-ի կառուցման դեմ պայքարում են Արագածոտնի մարզի Ուշի, Օհանավան, Արտաշավան, Կարբի, Սաղմոսավան, Երզնկա, Եղվարդ գյուղերի բնակիչները։ Նրանք մտավախություն ունեն, որ նոր ՀԷԿ-ի պատճառով իրենք կզրկվեն ոռոգման ջրից, քանի որ Ապարանի ջրամբարից ՀԷԿ-ն այնքան ջուր է վերցնելու, որ իրենց այգիները կցամաքեն։

 Լուսանկարները՝ Նախախորհրդարանի ֆեյսբուքյան էջի