Այսօր ԱԺ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը լրագրողների հետ զրույցի ընթացքում, պատասխանելով այն հարցին, թե ինչպես են պատկերացնում կառավարությանն անվստահություն հայտնելու հարցի շուրջ քվեարկության արդյունքերը՝ ներկա իշխանության օրոք, և արդյոք կան կուլիսային քննարկումներ հանրապետական որոշ պատգամավորների հետ, Լևոն Զուրաբյանը նշեց, որ կուլիսային բանակցություններ եթե լինեն, ապա դրանք կլինեն հետևանքներ՝ ժողովրդի ակտիվության:

 Այն հարցին, թե  կա արդյոք ապագա կառավարության տեսլականը, թե ով է գլխավորելու նոր կառավարությունը, և ովքեր են լինելու նախարարները, Լևոն Զուրաբյանը նշեց, որ չի քննարկվել որևէ հարց, որը կապված է կադրային անձնական ու անհատական նշանակումների հետ:

Ըստ նրա,  չորս ուժերը ժողովրդին առաջարկելու են այլընտրանքային ընթացք, որը վերափոխելու է Հայաստանը՝ արմատական փոփոխությունների միջոցով ու ժողովրդի ակտիվ մասնակցությամբ:

«Մենք Սերժ Սարգսյանի ռեժիմի հետ որևէ հույս չենք կապում, որովհետև իրենք հազար ու մի շանս ունեցել են փոփոխություններ իրականացնելու, բայց ժամանակը ցույց տվեց, որ իշխանությունները թե ժամանակ են վատնել, թե նման մտադրություններ չեն ունեցել, այլ իշխանության լծակներն օգտագործվել են սեփական հարստացման համար»,- նշեց Լևոն Զուրաբյանը: