«Հրապարակ»-ը գրում է. «Միշտ բարեգործները եկեղեցիներ են կառուցել, երբեմն եկեղեցու պատին փորագրել բարերարի անունը՝ ինչպես Աբովյանի նորակառույց եկեղեցու պատին է փորագրված «բարերար Գագիկ Ծառուկյանի» անունը: Երբեմն եկեղեցին պարզապես մեծահարուստ կառուցապատողի համար մեղքերի թողությանն ուղղված քայլ է: Որոշ դեպքերում հասարակական որևէ խավ համախոհների հետ առանձնանալու համար է եկեղեցի կառուցում։ Կրոնական հոսանքների ու կազմակերպությունների պակաս Հայաստանում երբեք չի եղել: Դրանց նկատմամբ չնայած հասարակական բացասական վերաբերմունք կա և պաշտոնական Էջմիածնի կողմից կտրուկ մերժում, դրանք, միևնույն է՝ ծաղկում են ու բարգավաճում:
Սակայն օրերս մենք տեղեկացանք, որ սեփական եկեղեցի ունենալու ծրագրեր ունեն նաև համասեռամոլները: Պարզվում է՝ վերջիններս էլ ունեն իրենց սերն առ Աստված արտահայտելու պահանջ։ Առաջին հայացքից արդարացի պահանջ է, բայց մեր ազգային մենթալիտետը դա ոչ մի կերպ չի ընդունում:
Այսպիսով, եկեղեցի է կառուցվելու, սակայն այն չի լինելու սովորական եկեղեցի, այլ այնտեղ աղոթելու են գնալու սեռական փոքրամասնությունները։ «Քրիստոնյա ենք, բայց միևնույն ժամանակ սեռական փոքրամասնություն ենք համարվում, և եկեղեցին մեզ չի ընդունում, այդ իսկ պատճառով էլ կողմ կլինեմ, որ մեզ համար մի անկյուն լինի, որտեղ կարող ենք աղոթել»,-ասաց Տիգրան Բաղդասարյանը, ով սեռական այլ հակումներ ունի։
Նրա խոսքով, հայերի համար անսովոր կլինի, բայց պետք է այդ երևույթի հետ ևս համակերպվեն. «Ինչպես միշտ, այս դեպքում էլ բողոքի մեծ ալիք կբարձրանա, բայց, ամեն դեպքում, ամեն ինչ անելու ենք, որպեսզի այդ եկեղեցին կառուցվի»։ Թե ինչպիսի անուն, տեսք կունենա և քաղաքի որ հատվածում այն կկառուցվի, դեռ անհայտ է»։