2014թ. մարտի 20-ին, ժամը 09:00-ի սահմաններում, օպերատիվ տվյալներն իրացնելիս, ՀՀ ԱՆ «Կոշ» ՔԿՀ-ի օպերատիվ բաժնի աշխատասենյակում անձնական խուզարկության է ենթարկվել «Կոշ» ՔԿՀ-ի անվտանգության ապահովման բաժնի կրտսեր մասնագետ, արդարադատության ավագ սերժանտ Ն. Մ-ն:
ՀՀ ԱՆ ՔԿՎ հանրային կապերի բաժնի տեղեկացմամբ, վերջինիս ծառայողական համազգեստի բաճկոնի աջ գրպանից հայտնաբերվել է «Ախթամար» տեսակի ծխախոտի տուփ, որում առկա էր մոտ 19,5 գրամ կանաչ, յուրահատուկ հոտով, մանրացրած զանգված, որը պատրաստվում էր փոխանցել դատապարտյալի: Հայտնաբերվածն ուղարկվել է դատաքիմիական փորձաքննության: Կատարվում է հետաքննություն: