Մարտի 20-ին ՀՀ ՊՆ վարչական համալիրում ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը հանդիպեց «Երիտասարդ առաջնորդների դպրոց» հասարակական կազմակերպության անդամներին:

Հանդիպմանը մասնակցում էին ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Դավիթ Տոնոյանը, ՀՀ ԶՈւ ԳՇ պետի տեղակալ, գեներալ-մայոր Լևոն Մնացականյանը, ՀՀ ՊՆ, ԶՈւ և ԶՈւ ԳՇ վարչությունների պետեր:

Ողջունելով հյուրերին` ՀՀ պաշտպանության նախարարը նկատեց, որ այսօր բանակի մարտունակությունը գնահատում են նաև երիտասարդները: «Այցելելով զորամասեր` բանակը տեսնում եք ներսից, ոչ միայն մեր ներկայացնելով: Տեսնում եք, թե ինչ ահռելի, դժվարագույն խնդիրներ են այսօր իրականացնում մեր զինված ուժերը: Գտնում եմ, որ մեր համագործակցությունը պետք է շարունակենք: Այս հանդիպումը հնարավորություն կտա, որպեսզի զրուցենք մեր համագործակցության եզրերի ուղղությամբ, եթե կան որոշակի խնդիրներ` այդ խնդիրների շուրջ, և ընդգծենք հեռանկարները»: 

Ծավալված քննարկումների ընթացքում Սեյրան Օհանյանը պատասխանեց երիտասարդ առաջնորդների հարցերին, որոնք հիմնականում վերաբերում էին տարածաշրջանային խնդիրներին, ռազմարդյունաբերական համալիրի զարգացմանը, զորակոչի թափանցիկությանը, պաշտպանական բարեփոխումներին:  Հանդիպումն ավարտվեց համագործակցության հետագա ուղղությունների հստակեցմամբ: