Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլն անդրադարձել է Թուրքիայում «Twitter» միկրոբլոգի արգելափակման խնդրին: Ըստ «ՀաբերԹուրք» լրատվական ծառայության` Գյուլը գրառում է կատարել հենց «Twitter»-ում և քննադատել միկրոբլոգի արգելափակումը Թուրքիայում:

«Սոցիալական վիրտուալ հարթակների ամբողջական արգելափակումը չի կարելի հանդուրժել: Ինչպես նախկինում եմ բազմիցս ասել, տեխնիկապես հնարավոր չէ «Twitter»-ի նման ցանցերը, որոնք աշխարհում լայն կիրառություն ունեն, ամբողջովին արգելափակել, այն էլ` այսօր, երբ տեղեկատվական տեխնոլոգիաները զարգացման նման աստիճանի են հասել: Եթե կան այնպիսի հանգամանքներ, որոնք խախտում են մարդկանց անձնական կյանքի գաղտնիությունը, ապա դատարանի որոշմամբ միայն համապատասխան էջերը կարող են փակվել: Հույս ունեմ, որ արգելքի այս կիրառումը երկար չի տևի»,- նշված է Թուրքիայի նախագահի թվիթերյան գրառման մեջ:

Նշենք, որ Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի ջանքերով մարտի 20-ի երեկոյան Թուրքիայում արգելափակվել է Twitter-ի հասանելությունը։