Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին օրը՝ ապրիլի 24-ին Լոս-Անջելեսում կանցկացվի ամենամյա 6-րդ համերգը, որի նպատակն է բարձրացնել իրազեկության մակարդակը ցեղասպանությունների կանխման անհրաժեշտության վերաբերյալ: «Ստիպեք, որ սուտը լռի, խոսի ճշմարտությունը» (Silence the Lies, Rock the Truth) համերգն այս տարի կկայանա Լոս-Անջելեսի կենտրոնում գտնվող «Մայա» թատրոնում:
Ինչպես գրում է «Asbarez»-ը, սոցիալական արդարության համերգը բարձրացնում է Հայոց ցեղասպանության մասին իրազեկությունը: Վերջին հինգ տարում Լոս-Անջելիս շրջանում արտիստները միասին հավաքվում են ու իրենց ուղերձն են հղում երաժշտության օգնությամբ:
Այս տարի շահույթը կփոխանցվի երկու կարեւոր նախագծի՝ Հայկական երիտասարդական ֆեդերացիայի ծրագրին, որը երիտասարդ հայերին հնարավորություն է տալիս հայրենիքի հետ կապեր հաստատել ու ամրապնդել դրանք կամավորական աշխատանքի միջոցով, ինչպես «Օրրան» բարեգործական կազմակերպությանը, որն օգնում է Երեւանի կարիքավոր երեխաներին: