Հայազգի հանճարեղ դերասան Մհեր Մկրտչյանի մասին այս տարի լույս կտեսնի երեք գիրք և կնկարահանվի երկու ֆիլմ: Այս մասին այսօր կայացած ասուլիսի ժամանակ հայտարարեցին Մհեր Մկրտչյանի այրին՝ Թամար Հովհաննիսյանը և կինոքննադատ Զավեն Բոյաջյանը:
«Առաջին գիրքը ֆոտոալբոմի բնույթ ունի, այդ ալբոմի մեջ ընդգրկված են ավելի քան 250 լուսանկար, որոնք երբևէ չեն հրապարակվել որևէ տեղ և Թամար Հովհաննիսյանի արխիվից են»,-նշեց Զավեն Բոյաջյանը:
Նրա փոխանցմամբ՝ երկրորդ գիրքը կլինի Թամար Հովհաննիսյանի հուշերը Մհեր Մկրտչյանի մասին, որը ևս կլինի շատ ճոխ նկարազարդումներով, պարզապես այն կլինի ավելի անձնական բնույթի:
Թամար Հովհաննիսյանն էլ հավելեց. «Մի անգամ, երբ բարկացած հարցրեցի նրան, թե ինչ պիտի լինի այս ամենի վերջը, Ֆրունզը նայեց, մի պահ լռեց և պատասխանեց՝ հիշողություն: Ինձ համար այդ մարդը գոյություն ունի մինչ օրս, և մեր հարաբերությունները գոյություն ունեն մինչ օրս: Այո, անվանենք հուշագրության մի շարք, բայց կենդանի շարք: Երևի այդպես պետք է լինի, ինքը պետք է ապրի ֆիլմում»:
Նա ընդգծեց նաեւ, թե Ֆրունզիկն այնպիսի բաներ էր ասում, որ տարիներ հետո կարող էին իրականանալ։ «Մի անգամ հարցրեց՝ սիրու՞մ ես ինձ։ Ասացի՝ այո, ասաց՝ որ մեռնեմ, ավելի շատ կսիրես։ Եվ դա այդպես է»։