ՀՀ ֆիզիկական և իրավաբանական անձանց նկատմամբ 2012-13 թվականների ընթացքում արագաչափերի և տեսանկարահանող սարքերի կիրառման, վճարովի ավտոկայանատեղերի կազմակերպման, Երևանի ուղևորափոխադրումների ուղեվարձի հնարավոր թանկացման, չշահագործվող ավտոմեքենաների պարտադիր ապահովագրության տուգանքների գործադրման ազդեցությունն ուսումնասիրող ԱԺ ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու նախագծի քննարկման ժամանակ արտահերթ ելույթ ունեցավ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը:

ԱԺ նախագահը նախ կոչ արեց, որ պատգամավորները իրենց ձևակերպումներում լինեն կոռեկտ՝ չվիրավորելով մեկը մյուսին: «Կոչ եմ անում Հանրապետական կուսակցության մասին ինչքան հնարավոր է քիչ խոսեն: Եթե էդպես վատ կարծիք ունեն հանրապետականի մասին, ուրեմն թող քիչ խոսեն, որ ժողովուրդը վատ կարծիք չկազմի իրենց մասին»,- նշեց Հովիկ Աբրահամյանը:

ԱԺ նախագահը նախագծի հեղինակ ոչ իշխանական չորս ուժերին հորդորեց խորհրդարանական լսումներ կազմակերպել:

«Առաջարկում եմ բոլոր հարցերը բաժանել ըստ պատգամավորների, ուղղարկել բոլոր պատկան մարմիններին, ստանալ պատասխանները և այնուհետև լսումներ նշանակել: Հրավիրենք և բոլորին լսենք մանրամասն, եթե պետք է երկու օր լսում կկազմակերպենք”,- ասաց նա»:

Նա խոստացավ, որ լսումներին բոլոր պատկան մարմինների ներկայությունը կապահովի, որպեսզի պատգամավորներն ստանան բոլոր հարցերի պատասխանները: «Իմ կարծիքով, դա ավելի արդյունավետ կլինի և թույլ կտա խուսափել շահարկումներից, քաղաքական գնահատականների»,- նշեց ԱԺ նախագահը: