Այսօր ԱԺ նիստում ԲՀԿ խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը խոսելով, ՀՀ ֆիզիկական և իրավաբանական անձնաց նկատմամբ 2012-13 թվականների ընթացքում արագաչափերի և տեսանկարահանող սարքերի կիրառման, վճարովի ավտոկայանատեղերի կազմակերպման, Երևանի ուղևորափոխադրումների ուղեվարձի հնարավոր թանկացման, չշահագործվող ավտոմեքենաների պարտադիր ապահովագրության տուգանքների գործադրման ազդեցությունն ուսումնասիրող ԱԺ ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու նախագծի մասին, հայտնեց, որ Հայաստանում չկա որևէ ընտանիք, որի թիվ մեկ խնդիրը չլինի
չարաբաստիկ արագաչափը:

ԱԺ պատգամավորը հայտնեց, որ քաղաքական մեծամասնության ներկայացուցիչները իրենց պատասխաններով ու պահվածքով նախագծի հեղինակ ոչ իշխանական ուժերին կարծես ասում են՝ «մի փորձեք խանգարել թալանչիների, մասնավոր ռեկետի անդորրը»:

Խոսելով Երևան փողոցներում կարմիր գծանշումներով ավտոկայանատեղիների մասին, Նաիրա Զոհրաբյանն ասաց, որ մասնավոր ընկերությունը ծախսել է 5 մլն դոլար:

«Ես հարցրել եմ փորձագետներին, թե որքան կարող է կազմել կարմիր գծանշումների վրա ծախսված գումարը, փորձագետներից մեկը հումորով ասել է, թե միայն մեկ դեպքում հինգ միլիոն դրամ կծախսվեր կարմիր գծանշումների վրա, եթե այդ գծանշումների կարմիր ներկը արվեր Ռեմբրանտի կամ վերածննդի դարաշրջանի ամենաբարձր արվեստ ներկայացնող նկարիչների յուղաներկից: Այսինքն ակնհայտ է, որ ստում ու խաբում են այստեղ, ոչ մի հինգ միլիոն դոլար չի ծախսվել»,- ասաց Նաիրա Զոհրաբյանը:

Վերջինս ասաց, որ ինքը մոնիթորինգ է արել աշխարհի մի շարք քաղաքներում, այդ թվում՝ Փարիզում, որտեղ կան նման ավտոկայանատեղիներ: Պարզել է, որ հավաքագրված գումարների 100 տոկոսը համայնքային բյուջե է գնում, այնինչ Հայաստանում այդ գումարի 70 տոկոսը գնում է բոլորիս հայտնի անձի գրպանը: