ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանն այսօր ԱԺ-ում իր ելույթի ժամանակ խոսելով արագաչափերի և տեսանկարահանող սարքերի կիրառման, վճարովի ավտոկայանատեղերի կազմակերպման և մի շարք այլ հարցեր ուսումնասիրող ԱԺ ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու նախագծի մասին, հայտնեց, որ երթևեկության կանոններին հետևող տեսախցիկների ու արագաչափերի գործարկման հետևանքով բնակչության վրա դրվել է 12,5 մլրդ դրամի լրացուցիչ ֆինանսական բեռ:
«Սա այն գումարն է, որ մարդիկ նախկինում օգտագործում էին իրենց ընտանիքի կարիքները հոգալու համար, իսկ հիմա դա պետք է վճարեն տեսախցիկների և արագաչափերի համար: Կառավարությունը ասում է, որ սա արդյունք է ստվերի կամ կառուպցիայի դեմ պայքարի: Իբր, թե նախկիում, երբ պետավտոտեսուչները առձեռն վերցնում էին, հիմա երևում է: Պարոնայք կառավարություն, ինչպես նախկինում, հիմա էլ ավտոտեսուչներն այդ գումարը վերցնում են: Էսօր ամենածիծաղելի խախտումների համար մարդիկ ենթարկվում են աստղաբաշխական տուգանքների»,-ասաց Նիկոլ Փաշինյանը:
Վերջինս հայտնեց, որ նախկինում կարողանում էին պետավտոտեսուչին բացատրել հանգամանքները, քանի որ տեսնում ու հասկանում են, իսկ տեսախցիկները տեսնում են, բայց չեն հասկանում:
«Իմ տպավորությամբ նենց է, որ թակարդներ եք սարքում, որ վարորդները գան ընկնեն այդ թակարդը»,-ասաց Նիկոլ Փաշինյանը:
Խոսելով տուգանքների չափերի մասին, ԱԺ պատգամավորն ասաց, որ ՀՀ քաղաքացիների 99,9 տոկոսը վստահ է, թե այդ արագաչափերի հետևում ով է կանգնած:
«Եթե նախկինում Ալեքսանդր Սարգսյանն ընկալվում էր որպես սրա, նրա բիզնեսների մեջ փայ մտնող, ապա հիմա ամեն ընտանիքում, ամեն վարորդի հետ փայ է մտնում»,-ասաց Ն. Փաշինյանը:
Անդրադառնալով կարմիր գծանշումներով ավտոկայանատեղիներին, Նիկոլ Փաշինյանը հայտնեց, թե սկզբում թվում էր, թե քաղաքակիրթ տարբերակ էր, քանի որ նախկինում ուր գնում էիր, 100 դրամ էին ուզում:
«Չնայած հիմա էլ չի վերացել: Գումի շուկայի մոտ միշտ կմնա, քանի որ այն ՀՀ տրանսպորտի և կապի նախարար Գագիկ Բեգլարյանինն է, այն չի վերանա: Ասում էին կվերանա, բայց չի լինի»,-ասաց Նիկոլ Փաշինյանը:
Ըստ Փաշինյանի՝ մարդիկ կան, ովքեր բջջային հեռախոսներ չեն օգտագործում, կամ հաղորդագրություն գրել չգիտեն, սակայն չտուգանվելու համար հաղորդագրություն ուղարկել:
«Որպեսզի այդ սոցիալական լարվածությունը չլարվի, պետք է այնպես անել, որ նախկին 100 դրամ վերցնողներն այդտեղ աշխատեն: Էս ամենը զարգանում է չարի վերջի նման, կարաս մի անգամ գաս, ասես՝ Էս սարն իմն է, էս ծառն իմն է, բայց բոլորս էլ գիտենք չարի վերջը»,-ասաց Փաշինյանը: