Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահները համաձայնություն են տվել երկկողմ բանակցություններ անցկացնելու համար: Այդ մասին հայտնել է ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը:

Նա Twitter-ի իր էջում գրել է, թե նախագահները տվել են իրենց համաձայնությունը:

«Հանդիպեցի Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահներին: Ձեռք է բերվել սկզբունքային համաձայնություն Լեռնային Ղարաբաղի հարցը քննարկելու համար գագաթնաժողովի անցկացման վերաբերյալ: Աշխատում ենք ժամկետի հստակեցման ուղղությամբ»,- գրել է նա:

Ավելի վաղ Ուորլիքը գրել էր, թե ղարաբաղյան հակամարտությունը հակամարտություն է Լեռնային Ղարաբաղի եւ Ադրբեջանի միջեւ: Ամեն ինչ սկսվել էր նրանից, որ համանախագահը Թվիթերում գրել էր, թե հանդիպելու է Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների եւ արտգործնախարարների հետ: Ավելի ուշ նա նշել էր թե «հակամարտություն է Լեռնային Ղարաբաղի եւ Ադրբեջանի միջեւ»: