Հանրապետական պատգամավոր Հակոբ Հակոբյանը (Կիլիկիայի Հակոբ) կառավարության աշխատելաոճում թերություններ է տեսնում:
Այսօր խորհրդարանում YerevanNews.am-ի լրագրողը պատգամավորից հետաքրքրվեց, թե ինչպե՞ս է գնահատում կառավարության գործունեությունը և գործադիր մարմնին անվստահություն հայտնելու` ոչ իշխանական ուժերի նախաձեռնությունը.
«Իսկ ո՞ր կառույցի գործունեության մեջ թերացումներ չկան: Կա՞ մարդ, ով աշխատում է և թերություն չունի»,- պատասխանեց պատգամավորը:
Թե կոնկրետ ինչ թերացումներ է տեսնում, պատգամավորը չցանկացավ մատնանշել:
Հարցին, թե ըստ իրեն հասարակությունը վստահու՞մ է կառավարությանն ու գործող իշխանությանը, նա բացասական պատասխան հնչեցրեց.
«Ոչ, այսօր հասարակությունը ոչ միայն կառավարությանը, այլ նաև երկրի իշխանությանը չի վստահում: Յուրաքանչյուր մարդ պետք է իր տեղում աշխատի»:
Այսինքն` դա չկա, այդ պատճառո՞վ լավ չի աշխատում հարցին Հակոբ Հակոբյանն արձագանքեց.
«Իմ կարծիքով լավ չենք անում ոչ մեկս: Այսօր, ովքեր ցանկանում են կառավարությանն անվստահություն հայտնել, ժամանակին եղել են իշխանության մաս, ինչ է, թերություններ չե՞ն ունեցել»:
Չնայած հանրապետական պատգամավորը կառավարության գործունեության մեջ թերացումներ է տեսնում, սակայն վարչապետ Տիգրան Սարգսյանի մասին դրական կարծիք ունի. «Տիգրան Սարգսյանը բավականին փորձ ունեցող, խելացի անձնավորություն է»;
Հարցին, թե արդյո՞ք ոչ իշխանական ուժերի հետևում տեսնում է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին, նա պատասխանեց.«Շատ եմ հարգում թե առաջին, թե երկրորդ նախագահին, և որևէ բան չեմ տեսնում»:
Խոսելով պարտադիր կենսաթոշակային կուտակային համակարգին դեմ արտահայտվող «Դեմ եմ» նախաձեռնության մասին` Հակոբ Հակոբյանը կարծիք հայտնեց, որ իշխանությունն այս հարցում անելիք ունի. «Եթե կառավարությունը ճիշտ դիրքորոշում չկատարի, հնարավոր է, որ այդ շարժումը մեծանա: Ես չեմ ցանկանա, որ այդ շարժումը մեծանա, քանի որ տեսանք, թե ինչ եղավ Ուկրաինայում և հնարավոր է, որ դա կրկնվի նաև Հայաստանում»: