Հայաստանի Հանրապետության փաստաբանների պալատը հայտնում է իր մտահոգությունը «Հարսնաքար»-ի գործով դատավճռի հրապարակման ընթացքում տեղի ունեցած միջադեպի կապակցությամբ:
ՀՀ փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանը հայտարարություն է տարածել, որում նշել է, թե մեղադրյալների հարազատների կողմից անեծքներ եւ վիրավորական խոսքեր էին ուղղվել տուժող կողմի ներկայացուցիչ փաստաբան Տիգրան Եգորյանին։
«Այս եւ մնացած դեպքերում (այդ թվում՝ Վարդան Պետրոսյանին առնչվող գործով), ցավոք, փաստաբանները (ինչպես տուժող, այնպես էլ պաշտպանության կողմի) նույնացվում են իրենց վստահորդների հետ։
«Փաստաբանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 21-րդ հոդվածի 5-րդ մասի համաձայն՝ փաստաբանը չպետք է նույնացվի իր վստահորդի հետ` ելնելով փաստաբանի կողմից իր մասնագիտական պարտականությունների կատարումից:
Փաստաբանին ատելության թիրախ դարձնելը հղի է վտանգավոր հետեւանքներով եւ, եթե հասարակությունը չհարգի փաստաբանի մասնագիտական անձեռնմխելիությունը, ապա դա ուղղակիորեն խոչընդոտելու է արդարադատության կայացմանը։
Փաստաբանների պալատը խստորեն դատապարտում է նման վարքագիծը եւ կոչ է անում բոլոր փաստաբաններին, հնարավոր միջոցներով սաստել մյուս կողմի փաստաբանի նկատմամբ ագրեսիա ցուցաբերող Ձեր վստահորդներին։ Վաղը, նրանց տեղում կարող եք Դուք լինել:
Զուգահեռաբար կոչ ենք անում դատարաններին, նման դեպքերում կիրառել օրենքով նախատեսված միջոցներ, քանի որ այս բացասական երեւույթը, երբ դատարանում չի պաշտպանվում փաստաբանի իրավունքները եւ պայմաններ չեն ստեղծվում փաստաբանի մասնագիտական պարտականությունները կատարելու համար, հավակնում է շարունակական բնույթ կրել»,- նշել է Զոհրաբյանը: