ՀՀ ֆինանսների նախարար Դավիթ Սարգսյանը լրագրողների հետ զրույցում խոսելով պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգի օրենքի մասին, նշեց, որ զերխծ է մնում այս օրենքի մասին մեկնաբանություններ անելուց, քանի որ սպասում է ՍԴ-ի վճռին:
Ֆինանսների նախարարը կարծում է, որ կառավարությունն իր առջև դրված խնդիրները լիարժեք կարողանում է լուծել:
«Բայց միևնույն ժամանակ ես ընդունում եմ, որ կան բազմաթիվ խնդիրներ, որոնց լուծումը մեզ չի հաջողվել դեռևս տալ»,-ասաց Դավիթ Սարգսյանը և հավելեց, որ չի ընդունում, որ կառավարությունը թերացել է:
«Ոչ, չեմ ընդունում, որովհետև այն ինչ-որ իրականացվել է վերջին երեք տարիների ընթացքում կապված կենսաթոշակային կուտակային համակարգի իրազեկման հետ, մեր որևէ այլ օրենքի հետ կապված չի իրականացվել: Սա բացառիկ օրենք է այդ առումով, իսկ այն հարցին թե ինչու այնուամենայնիվ եղավ այն ինչ եղավ, պատասխանը շատ պարզ է և շատ հասականալի, որովհետև հարցը չի գտնվում մասնագիտական քննարկումների դաշտում, քանի որ այն հիմա քաղաքական քննարկումների դաշտում է, իսկ այդ դաշտի հետ որևէ իրազեկման արշավներ չի նախատեսվում»,-ասաց Դավիթ Սարգսյանը:
Հարցին, թե հնարավո՞ր է, որ պարտադիր բաղադրիչը կասեցվի, Դավիթ Սարգսյանն ասաց. «Տեղին չեմ համարում պարտադիրը հանելը»:
Անդրադառնալով Հրանտ Բագրատյանի այն պնդմանը, թե աշխարհում չկա 40տարով կուտակային համակարգ, նախարարն ասաց.«Գումարները ներդրվում են ոչ միայն պարտատոմսերում, այլ նաև բաժնետոմսերում, իսկ բաժնետոմսերը ժամկետ չունեն»:
Նախարարը կիսում է այն տեսակետը, որ հասարակությունը դեռ պատրաստ չէ այս օրենքին:
«Եթե հասարակությունն այսօր լիարժեք պատրաստ լիներ, չէինք ունենա այն, ինչ ունենք, չէր վիճարկվի օրենքը ՍԴ-ում, բայց նաև պետք է ձգտենք հասնել նրան, որպեսզի կարողանանք մարդկանց հասցնել ինչ ենք մենք ուզում անել և ինչքանով է այն ճիշտ»,-ասաց Դ. Սարգսյանը:
Իսկ այն համեմատությունը, որն արվում է հասարակության շրջանում, թե պարտադիր կուտակային համակարգում կուտակված գումարներն արժանանալու են խորհրդային տարիների պարտատոմսերի ճակատագրին, Դավիթ Սարգսյանը կոռեկտ չի համարում:
«Օրինակը, որ բերում են և զուգահեռներ են անցկացնում այս օրենքի հետ, կարծում եմ կոռեկտ չէ, որովհետև փակ պետություն էր և բոլոր խնայողությունները պետք է լիներ միևնույն տեղում, միևնույն բանկում և երբ որ այդ պետությունը քանդվեց, բնականաբար այդ խնայողությունները նույնպես քանդվեցին: Իսկ այս դեպքում նման խնդիր չի կարող լինել: Միակ հնարավոր տարբերակն այն է, եթե մեր ամբողջ երկրագունդ փլուզվի»,-եզրափակեց Դավիթ Սարգսյանը: