Մի խումբ հայ արվեստագետները Օպերայի և Բալետի թատրոնի ճակատագրի վերաբերյալ ուղերձով են հանդես եկել:
«Մենք` հայ ազգի մշակույթի գործիչներս, դիմում ենք այն բոլոր մարդկանց, ովքեր անտարբեր չեն Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի պետական ակադեմիական թատրոնի ճակատագրի հանդեպ:
Ինչպես գիտենք, թատրոնն այժմ կանգնած է ղեկավար ընտրելու խնդրի առջև, որից կախված է ո՛չ միայն իրենից ազգային արժեք ներկայացնող Հայաստանի Հանրապետության կարևորագույն ակադեմիական մշակութային կոլեկտիվի գոյությունն ու զարգացումը, այլև մեր մշակույթի ապագան:
Ա.Սպենդիարյանի, Ա.Ադամյանի, Կ.Սարաջյանի, Գ.Բուդաղյանի և շատ այլոց քրտնաջան աշխատանքի շնորհիվ ստեղծված Օպերային թատրոնն, իր գործունեության ընթացքում արժանացել է միջազգային բարձր գնահատականի: Շնորհիվ տաղանդավոր հայ արվեստագետների թատրոնը մշտապես եղել է հայկական և միջազգային արվեստների բարձր պրոֆեսիոնալիզմի չափանիշը: Կատարողների դաստիարակության ակադեմիական ուղղվածության, ինչպես նաև սիմֆոնիկ նվագախմբի գործունեության շնորհիվ, թատրոնը կանգնեց իր ժամանակի լավագույն օպերային թատրոնների շարքում և իր անգնահատելի դերը խաղաց մեր ազգի գեղարվեստական ճաշակի զարգացման գործում` դառնալով ժամանակակից հայ արվեստի չափանիշը:
Այնուամենայնիվ, վերջին տարիներին աղավաղվել է օպերայի և բալետի թատրոնի բազմակողմանի գործունեությունը: Ավանդույթների քայլ առ քայլ խախտումը, երկացանկի ընտրության հստակ քաղաքականության բացակայությունը, ինչպես նաև թատրոնի ժամանակակից պահանջներին համապատասխանող հեռանկարային զարգացման բացակայությունը բերեցին դիլետանտիզմին և ստեղծագործական լճացմանը, ինչը անթույլատրելի էր մեր բազմադարյա մշակույթի համար:
Դուրս բերել թատրոնը այս ճգնաժամային իրավիճակից կարող է միայն միջազգային բարձր հեղինակություն ունեցող անձնավորություն, ով քաջատեղյակ է օպերային թատրոնի գործունեության նրբություններին ներսից, և ով կպարտավորվի լուծել կարևորագույն ռազմավարական խնդիրներ:
Մեր կարծիքով այդ գործը կարող է իրականացնել Հայաստանի Հանրապետության ժողովրդական արտիստ Բարսեղ Թումանյանը, ով իր մեջ կրելով ակադեմիական օպերային արվեստի էությունը, կկարողանա իր շուրջը համախմբել արվեստի նվիրյալ գործիչներին` իրականացնելու մեր պատկերացրած Ալ.Սպենդիարյանի անվան ազգային ակադեմիական օպերայի և բալետի թատրոնի վերածնունդը: