Ազատամարտիկ, պահեստազորի գնդապետ Վոլոդյա Ավետիսյանի գործով դատական առաջին նիստն անցնում է գերլարված մթնոլորտում։ Ամբողջ նիստի ընթացքում դատարանի դահլիճում հավաքված ազատամարտիկները վիրավորում, երբեմն հայհոյում էին դատախազին եւ ծափահարում Վոլոդյա Ավետիսյանին, որին կալանավորվելուց հետո վեց ամսվա ընթացքում առաջին անգամ են այսօր տեսնում։ Դատավորն անըդնհատ ստիպված է լինում նկատողություն անել հավաքվածներին՝ սպառնալով, որ եթե այդպես շարունակվի, ստիպված կլինի բոլորին դուրս հանել եւ միայն լրագրողներին թողնել ներսում։
Իր խոսքում Վոլոդյա Ավետիսյանն ասաց, որ չի ընդունում իրեն ներկայացված մեղադրանքը, որը համարում է քաղաքական հետապնդում։
«Ես իմ պայքարը սկսել եմ դեռ մայիսից, ու էդ ժամանակից ինձ գումար ու պաշտոն էին առաջարկում, աշխատանք կամ բիզնես Երեւանում։ Սակայն ես այդ առաջարկները չեմ ընդունել, շարունակել եմ պայքարը Հայաստանի տարբեր քաղաքներում։ Իմ հեռախոսը լսել են, նույնիսկ անձնական խոսակցություններս եւ ներառել տվյալ գործի մեջ: Ձերբակալվելուց հետո քննիչը խոստացել է, որ եթե դադարեցնեմ պայքարը, ապա հաջորդ դատական նիստին ինձ ազատ կարձակեն: Այսքանը, ավելացնելու բան չունեմ, ես քննիչին ասացի.«Պարոն Խաչիկյան, ես գումարով չեմ ծախվում, հայրենիքս չեմ ծախում»:
Դահլիճում հավաքվածները ծափահարեցին Վոլոդյա Ավետիսյանին եւ սկսեցին վանկարկել՝ «Վոլոդյա, Վոլոդյա»։
Ազատամարտիկի փաստաբան Արա Զաքարյանը երկու միջնորդություն ներկայացրեց դատարանին։ Նախ նա մի քանի պատճառ ներկայացրեց, որոնք հիմնավորում են՝ ինչու դատավոր Լեւոն Ավետիսյանը չի կարող անաչառ վարել դատը, եւ պետք է ինքնաբացարկ ներկայացնի։ Երկրորդ միջնորդությունով փաստաբանը պահանջում է ահապաղ դատարանի դահլիճից ազատ արձակել ազատամարտիկին, քանի որ նրան կալանքի տակ պահելու որեւէ հիմնավոր պատճառ չկա։ Դատախազը կալանքը հիմնավորելու պատճառների թվում նշեց փաստը, որ Վոլոդյա Ավետիսյանը տուժողին չի փոխատուցել 2000 դոլար վնասը։
«Ինչպես կարելի է փոխհատուցել մի բան, եթե չկա ապացուցված մեղք, եւ չկա տուժող, իսկ եթե նույնիսկ այդ տուժողը կա, ապ ո՞ւր է նա»,- հակադարձեց փաստաբան Արա Զաքարյանը՝ հիշեցնելով, որ տուժող Հ. Զաքարյանին այսքան ժամանակ ոչ ոք չի տեսել եւ չի ճանաչում։
Պաշտպանի կարծիքով՝ եթե դատարանը բավարարեր ընդդատության հարցով միջնորդությունը, ապա պարտավոր էր լինելու գործն ուղարկել ընդդատության, իսկ դա նշանակելու էր, որ Վոլոդյա Ավետիսյանին կալանքի տակ պահելու դատական ակտ այլեւս գոյություն չունի, եւ պարտավոր էին լինելու նրան դատարանի դահլիճից ազատ արձակել:
«Այս կամայական որոշումը վկայում է այն մասին, որ իշխանություններն ամենեւին էլ չեն ցանկանում Վոլոդյա Ավետիսյանին կալանքից ազատել, եւ, հակառակը, անում են ամեն ինչ, որպեսզի նա մնա կալանքի տակ»,- լրագրողների հետ զրույցում դատական նիստից հետո ասաց փաստաբան Արա Զաքարյանը:
Վրդովված ազատամարտիկները դատական նիստի ամբողջ ընթացքում վիրավորում ու ամոթանք էին տալիս մեղադրողին։ Երբ Վոլոդյան Ավետիսյանին մեքենայով դատարանի բակից դուրս բերեսին, ազատամարտիկները նրան ճանապարհեցին «Վոլոդյա» վանկարկելով ու ծափողջյուններով։
Հաջորդ դատական նիստը տեղի կունենա ապրիլի 2-ին։
Տեսանյութը` News.am-ի