ԱԺ ՀՀԿ պատգամավոր Արման Սահակյանը, ով մի քանի պատգամավորների հետ մեկնել է Սիրիա, ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել է Թուրքիայի ԱԳՆ երեկվա հայտարարությանը, նշելով.
«Քեսաբի հայությանն ընդունելու և ապաստան տալու Թուրքիայի պատրաստակամության, ինչպես նաև Քեսաբի դեպքերին անմասն լինելու վերաբերյալ այդ երկրի ԱԳՆ երեկվա հայտարարությունը ցինիզմի դրսևորում է: Դա ասում եմ նաև հաշվի առնելով քեսաբցիների պատմածները: Քեսաբի հայերը ջոկատներով տևական ժամանակ ապահովել են Քեսաբի ինքնապաշտպանությունը, մինչև որ մարտի 21-ի վաղ առավոտյան թուրք-սիրիական սահմանը թուրքական կողմից բացվել է և ներթափանցել են վարձկաններից կազմված ահաբեկչական խմբերը, և մեծ ջանքերի գնով քեսաբցիներին հաջողվել է կազմակերպված ձևով իրականացնել բնակչության անվտանգ տարհանումը: Թուրքական կողմը, ինչպես և հաճախ արել է Ցեղասպանության ժամանակ, դիմել է «ուրիշի ձեռքով կրակից շագանակներ հանելու» մեթոդին, իսկ այժմ ինչ-որ մարդասիրական ճամարտակություններ է անում: Քեսաբցի հայերը միայն ժպիտով են վերաբերվում նման «մարդասիրությանը»: