Աժ-ում այսօր մտքերի փոխանակության ժամին ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանն անդրադարձավ ԿԳ նախարար Արմեն Աշոտյանի երեկվա ելույթներին և կրթական համակարգի ներկա վիճակին:
Խոսելով նոր օրենքի մասին, պատգամավորը նախ նշեց, որ փոփոխությունը լավ է, սակայն սակայն դա չի նշանակում, որ այդ օրենքի կիրառման արդյունքները նույնպես կլինեն դրական:
«Էս առումով ի՞նչ միջավայր է հաստատված Հայաստանի կրթական միջավայրում: Հայությունը վերջերս շատ ուժեղ ազդակ ստացավ, որ բուհական համակարգում ստեծվում են երիտհամակարգերի խմբակներ, որոնք անհրաժեշտության դեպքում օգտագործվում են», - նշեց նա, որպես օրինակ բերելով Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի ատենախոսույան ժամանակ տեղի ունեցած դեպքերն ու ագրարային համալսարանի ուսանողների պահվածքը:
Պատգամավորը նշեց, որ վերջին դեպքից հետո, իրենց այդպես պահող ուսանողներից մեկը ստացել է գործուղում:
«Ընդ որում այդ հարձակման գործող անձերից մեկին կարող ենք տեսնել խրոխտ քայլելիս Հովիկ Աբրահամյանի, Սերժ Սարգսյաբնի, Արմեն Աշոտյանի հետ », - նշեց նա:
Անդրադառնալով երեկ իր և Արմեն Աշոտյանի հարց ու պատասխանին, նա նշեց.
«Ասեք ինչ եք արել այդ մարդկանց պատժելու համար, հարցը տալիս եմ առանց որակումների, հիմնված փաստերի վրա, հիմա ԿԳ նախարարը փոխանակ այս ամբիոնից պատասխանի՝ շուտասելուկներ, հանելուկներ, գլուխկոտրուկներ, սրամտություններ է անում: Պարոն Աշոտյան, ցանկանում եմ ձեզ պատասխանատու կերպով ասել, դուք լրջանալու կարիք ունեք: Սա КВН-ի պոլուֆինալը չէ, որ գաք այստեղ շուտասելուկներով պատասխանեք», - նշեց նա:
Պատգամավորին չի գոհացրել նաև նախարարի այն հայտարարությունը, թե ուսանողները ներողություն են խնդրել:
«Ոնց հռհռալով վիրավորել են լրագրողներին, թող նույն կերպ էլ ասուլիս հրավիրեն և տեսախցիկների առջև ներողություն խնդրեն», - նշեց նա, հավելելով, թե նախարարը չի ցանկանում խոսել այդ թեմայով, քանի որ ինքը սովորել է, հրեշտակի կերպարով թևածել ԱԺ դահլիճում:
«Եթե դուք ամեն անգամ որոշեք թևածել ամբիոնում` ես նույն հարցադրումներով կիջացնեմ ձեզ պարկետի վրա: Սաքուլիկները և սաքուլիկների խմբերը, ահա ձեր կառուցած կրթական համակարգի ամենանկատելի սիմվոլները», - եզրափակեց նա: