ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանն այսօր ԱԺ-ում ներկայացրեց քննարկվող օրենքի մասին իրենց խմբակցության տեսակետը:

«Ամեն ինչ չափ ու սահման ունի, դուք երբևէ որևէ բարեփոխում չեք կարող անել ու նման հրաման չեք էլ արձակել, ձեր որևէ բարեփոխում, գործողություն, քայլ միշտ ուղղված է եղել մեկ նպատակի իրագործմանը՝ ուսումնական հաստատություններում ՀՀԿ-ի տոտալ վերահսկողության համար»,-նշեց Զուրաբյանը:

Նրա խոսքերով, դպրոցների տնօրենների մեջ իշխող կուսակցության ներկայացվածության այս ցուցանիշով համաշխարահին պատմության մեջ Հայաստանը գտնվում է պատվավոր երկրորդ տեղում նացիստական Գերմանիայի ու ԽՍՀՄ-ի միջև:

Ըստ Զուրաբյանի՝ Արմեն Աշոտյանի նախարարության օրոք այս ցուցանիշով Հայաստանը կարող է գերազանցել Գերմանիային: Նա նկատեց, որ բոլոր բուհ-երը պարտավորված են որոշակի գումար վճարել Կարեն Ավագյանի գլխավոր ՀԷՀ-ին:

Ապա ՀԱԿ պատգամավորը բերեց ՀՀԿ-ի խտրողականության օրինակ: «Երբ ԲՀԿ-ը իշխող կոլաիցիայի անդամ էր, Գագիկ Ծառուկյան հիմնադրամին թույլ էր տրվում բարեգործություն անել, վճարել կրթաթոշակները և ուսանողների ուղեվարձը, երբ ԲՀԿ-ն ընդդիմություն դարձավ այս իշխանություններին, այդ գործունեությունն ընդհանրապես խոչընդոտվեց և նույն գործառույթը պարտադրվեց մի մեծահարուստի, որ այնքան հեռու է կրթությունից, ինչքան նախարար Աշոտյանը՝ բալետից»,-շեշտեց Զուրաբյանը:

Նա նաև հայտարարեց. «Երբ ՀԱԿ-ը գա իշխանության, մեր արած առաջին գործերից մեկը պիտի լինի համալսարանների կարգավիճակի վերափոխումը ՊՈԱԿ-ներից» : Նրա այս հայտարարությունը առաջացրեց ՀՀԿ-ի ծիծաղը, իսկ նա էլ արձագանքեց. «Լինելու է դա մի օր, էտքան մի վախեցեք»: