Դատական նիստի արձանագրությանը ծանոթանալուց հետո գնահատականներ կտրվեն և այդ ժամանակ էլ պարզ կլինի, թե արդյոք մենք խոսում ենք քրեաիրավական դրսևորումների մասին, թե ոչ: Կառավարությունում լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ այսպես պատասխանեց ՀՀ գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանն այն հարցին, թե ինչ քայլեր են ձեռնարկվում «Հարսնաքարի» գործով դատական նիստի ժամանակ տեղի ունեցած միջադեպի ուղղությամբ:

Հիշեցնենք, որ «Հարսնաքարի» գործով վճիռն ուղեկցվել էր տհաճ միջադեպով: Ամբաստանյալ Գարիկ Մարգարյանի մայրը` տիկին Մարինեն, որդու վերաբերյալ վճռի հրապարակումից հետո բղավել էր, հայհոյանքներ հնչեցրել և դատավորի ուղղությամբ իրեր նետել:

Լրագրողի այն հարցին, թե ինչպես կմեկնաբանի գլխավոր դատախազը քրեական դատավարության օրենսգրքում տեղի ունեցող փոփոխությունները, մասնավորապես այն, որ նախնական ցուցմունքները դատարանի դահլիճում փոխել այսուհետ հնարավոր չի լինի, Գևորգ Կոստանյանն ասաց.

«Նախ այդ ընկալումը, որ դուք տալիս եք, քրեական դատավարության օրենսգրքում նման բան չկա, որովհետև ընդամենը սահմանված է դրույթ՝ ցուցմունքների նախաքննության ընթացքում դեպոնացման ինստիտուտի ներդրման համար, դրանք լրիվ տարբեր բաներ են: Ես չեմ կարծում, որ այդ ինստիտուտի ներդրումը կարող է մեկի մոտ և հատկապես իրավաբանի մոտ, նման ընկալման հիմք հանդիսանալ, նման բան չկա»: