Համաշխարհային բանկի կողմից Ռուսաստանի տնտեսության աճի համար օրերս արված վատատեսական գնահատականները կարող են ազդեցություն ունենալ նաև Հայաստանի տնտեսության վրա: Այս մասին այսօր կառավարությունում հրավիրած ասուլիսում ասաց էկոնոմիկայի նախարար Վահրամ Ավանեսյանը:

Նա նշեց, որ ՀԲ-ն իջեցրել է Ռուսաստանի տնտեսության համար արված գնահատականները: Բանկի գնահատականներն այժմ 1.2 տոկոս են 2.4-ի փոխարեն:

«Եթե իրադարձությունները գնան վատ սցենարով, ապա Հայաստանի Հանրապետությունում տնտեսական աճի վերանայման խնդիր անպայման կառաջանա»,- կանխատեսեց նախարարը:

Նախարարը տեղեկացրեց նաև, որ արդյունաբերության ոլորտի մարտյան ցուցանիշները նույնպես հուսադրող չեն լինի և նախարարի համար սպասելի էր արդյունաբերության ոլորտում այս տարվա հունվար-փետրվարին արձանագրված անկումը, ինչը պայմանավորված էր երկու հիմնական ոլորտներվ՝ հանքարդյունաբերության և սննդի արդյունաբերության ճյուղերում նկատվող միտումներով: