Մարտի 23-ին լրացավ 1920թ. Ադրբեջանի Հանրապետության կողմից Շուշիում իրականացված հայ ազգաբնակչության կոտորածի 94-րդ տարելիցը: Այդ առիթով մարտի 21-ին Արցախի պետական համալսարանի (ԱրՊՀ) գիտխորհրդի նիստերի դահլիճում ԱրՊՀ Ուսանողական գիտական ընկերությունը «Կաճառ» գիտական կենտրոն հասարակական կազմակերպության և Շուշիի պատմության թանգարանի հետ համատեղ կազմակերպել է կլոր սեղան` նվիրված Ադրբեջանի դեմոկրատական հանրապետության կողմից 1920թ. մարտի 23-ին Շուշի քաղաքում կազմակերպված ու իրականացված կոտորածների 94-րդ տարելիցին և դրա իրավաքաղաքական պատասխանատվության հարցերին:
Ներկաները մեկ րոպե լռությամբ հարգեցին Ադրբեջանի և Թուրքիայի կողմից իրականացված ցեղասպանության և էթնիկական զտումների քաղաքականության հետևանքով նահատակված հայրենակիցների հիշատակը:
Կլոր սեղանի աշխատանքներին մասնակցում էին պատմաբաններ, իրավաբաններ, հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ, ուսանողներ և լրագրողներ:
Կլոր սեղանի նպատակը 1920թ. Շուշի քաղաքում կազմակերպված կոտորածների մասին ևս մեկ անգամ բարձրաձայնելն է, միջազգային հանրության ուշադրությունն այս փաստի վրա սևեռելը և անհրաժեշտության դեպքում այն միջազգային իրավունքի կողմից սահմանված ընթացակարգերով համապատասխան ատյաններ դիմելը, ցեղասպան երկրին իրավական և քաղաքական պատասխանատվության ենթարկելը, ինչպես նաև Շուշի քաղաքում կազմակերպված ողբերգության պատճառները վեր հանելը և ապագայում նման երևույթներ բացառելը:
Բացելով կլոր սեղանը` ԱրՊՀ իրավունքի ամբիոնի դասախոս, ԱրՊՀ Ուսանողական գիտական ընկերության (ՈՒԳԸ) նախագահ Ավետիք Հարությունյանը նշեց, որ 1920թ. մարտի 23-ի Շուշի քաղաքի հայ ազգաբնակչության կոտորածին միջազգային իրավունքի լեզվով առանց վարանելու կարելի է տալ «ցեղասպանություն» ձևակերպումը և բնորոշել որպես խաղաղության և մարդկության անվտանգության դեմ ուղղված հանցագործություն:
«Կասկած չկա, որ Շուշիում արցախահայության դեմ իրականացված ցեղասպանությունը դարձել է արևմտահայության բնաջնջման և իր պատմական բնօրրանից նրա բռնի տեղահանության` Թուրքիայի վարած քաղաքականության տրամաբանական շարունակությունը»,- ասած Ավետիք Հարությունյանը` հավելելով, որ ներկայիս Ադրբեջանը, որպես Ադրբեջանի դեմոկրատական հանրապետության իրավահաջորդ, պատասխանատվություն է կրում այդ հանցագործության կազմակերպման ու իրագործման համար:
ԱրՊՀ ուսանողների, շրջանավարտների և հասարակայնության հետ տարվող աշխատանքների գծով պրոռեկտոր Վիտալի Յարամիշյանը միջոցառումը կարևորեց երկու տեսանկյունով. նախ որպես ուսումնագիտական ուղղվածության միջոցառում և երկրորդ` նոր լույսի ներքո անցյալ դարասկզբին Շուշիի հայ բնակչության զանգվածային ջարդերի դիտարկում` դրանք համարելով 1915թ. Հայոց ցեղասպանության շարունակություն, որի մեջ տեղավորվում են նաև անցյալ դարավերջին Ադրբեջանի հայաբնակ շրջաններում՝ Սումգայիթում, Բաքվում, Կիրովաբադում իրականացված հայերի զանգվածային կոտորածները:
«Կաճառ» գիտական կենտրոնի տնօրեն, պատմական գիտությունների թեկնածու Մհեր Հարությունյանն ընդգծեց, որ 1920թ. Շուշի քաղաքի ողբերգական իրադարձությունները հերթական անգամ վկայում են Ադրբեջանի ղեկավարության հակահայկական քաղաքականության մասին` ավելացնելով, որ «այսօր, երբ այդ պետությունը խոսում է ժողովրդավարական արժեքների մասին, առավել օրախնդիր է դառնում այդ իրադարձությունները վերաիմաստավորելը և Ադրբեջանի իրական դեմքը բացահայտելը: Մ.Հարությունյանը նշեց նաև, որ իրական տեղեկատվության ներկայացումը մեծ կարևորություն ունի Բաքվի կողմից մշտապես սփռվող սուտն ինչ-որ չափով կանխելու համատեքստում:
Միջոցառմանը ելույթներով հանդես եկան նաև Շուշիի պատմության թանգարանի տնօրեն Աշոտ Հարությունյանը, ԼՂՀ փախստականների հասարակական կազմակերպության նախագահ Սարասար Սարյանը, ԱրՊՀ պատմաքաղաքագիտական ֆակուլտետի դեկան Վալերի Ավանեսյանը, «Ազատ հայրենիք» կուսակցության երիտասարդական թևի ղեկավար Վահրամ Պողոսյանը, «Առաջ Արցախ» ՀԿ նախագահ Արթուր Հայրապետյանը և այլք:
Կլոր սեղանի մասնակիցները դիտել են «Կաճառ» գիտական կենտրոնի պատրաստած «Ահաբեկչություն» վավերագրական ֆիլմը, իսկ վերջում ընդունել հայտարարություն, որում մասնավորապես նշվում է, որ «կլոր սեղանի մասնակիցները դատապարտում են Ադրբեջանի ոճրագործությունը և վստահ են, որ միջազգային հանրության կողմից այդ երկրի պետական ահաբեկչության ու էթնիկական զտումների շարունակվող քաղաքականության դատապարտումը կամ դրան համարժեք քաղաքական, իրավական գնահատական տալը նման դրսևորումների կանխարգելման արդյունավետ միջոցը կլինեն»:
Ավետիք Հարությունյան


