Կարևորելով գիտության դերը, ինչպես ամբողջ պետության, այնպես էլ բանակի հզորացման ու զարգացման ուղղությամբ, www.YerevanNews.am-ը փորձեց բանակ-գիտություն կապի վերաբերյալ խոսել ՀՀ Պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանի հետ:
Արդյոք բանակը չպետք է պահանջատեր լինի գիտության, մասնավորապես ճշգրիտ գիտությունների ու ծրագրավորման զարգացման ուղությամբ:
Այս դեպքում պահանջատերը մի փոքր այլ ձևակերպումով պետք է փոխարինել, ասել է թե բանակը պետք է պատվիրատու լինի: Ըստ էության մենք դրան էլ ձգտում ենք: Այն շատ հեշտ է պատկերացնել թղթի վրա, բայց իրականում բավականին երկարատև ու բարդ գործընթաց է : Չնայած այս ամենին, ՊՆ այսօր արդեն շատ ու շատ գիտաարտադրական ոլորտների պատվիրատու է, այդ թվում նաև ծրագրավորման տարբեր նախագծերի: Հուսով ենք, որ այդ համագործակցությունները առաջիկայում կխորացվեն և ծավալային առումով կմեծացվեն:
Ի՞նչ քայլեր են ձեռնարկվում կրթություն ստացած երիտասարդների ներուժը բանակի զարգացմանը ի նպաստ դնելու ուղությամբ:
Բարձրագույն կրթություն ստացած երիտասարդները մեծամասամբ համալրում են կրտսեր հրամանատարական կազմը: Ամբողջ աշխարհում սա կրթություն ստացած երիտասարդների ներուժի օգտագործման լավագույն տարբերակներից մեկն է: Եթե ի նկատի ունենեք գիտական լաբորատորիաների տարբերակը, ապա պետք է նշել, որ նոր ենք սկսում զբաղվել այդ հարցերով: Հարցն այն է, որ դա այնքան էլ դյուրին չէ: Բանակը պետության մեջ առանձին պետություն չէ, այն պետության ամբողջական օրգանիզմի մի մասն է և ամեն ինչ` հայեցակարգային մոդելից սկսած, պետությունն է որոշում և տրամադրում համապատասխան միջոցներ: Ռազմական բյուջեում պետք է նախատեսված լինի բավականին մեծ գումար այդ լաբորատորիաների նախագծումների և այլնի համար: Այս պահին մեզ ընձեռած հնարավորությունների առավելագույն չափով մենք փորձում ենք դա անել:
Արդյոք մեր երկրի ռազմական կրթահամակարգը ունակ է բոլոր կատեգորիաների ու սերժանտական կադրերի կարիքները բավարարել և որքանո՞վ մրցունակ կարելի է համարել ՀՀ ռազմական կրթահամակարգը:
Ցանկացած երկրի կրթական համակարգը պետք է կատարի իր առջև դրված խնդիրները: ՀՀ ԶՈւ կրթահամակարգը անցած տարի ստեղծեց ռազմական ակադեմիա` ապահովելով մագիստրոսական մակարդակի ռազմական կրթություն: Շատ քիչ երկրներ կան, որ ռազմական կրթություն են ապահովում մինչև մագիստրոս մակարդակ: Միանշանակ բոլոր օղակները մենք չենք կարող ինքնուրույն ապահովել, դա է պատճառը, որ մենք մեր ուսանողներին գործուղում ենք աշխարհի տարբեր երկրներ, տարբեր կրթահամակարգեր, այնուհետև ուսումնասիրում ու կիրառում այդ մասնագետների գիտելիքները:
Իսկ բանակի մրցունակության ցուցանիշը առաջինը տալիս են միջազգային կառույցները, որոնք բարձր են գնահատում ՀՀ ռազմական կրթությունը, երկրորդը` տվյալ սպայի ծառայողական և խնդիրների լուծման ունակություններն են: Ցանակցած բանակ գործիք է, որի մրցունակությունը երևում է ոչ թե զորավարժության կամ զորահանդեսի ժամանակ, այլ մարտական գործողություններում: Դժբախտաբար կամ բարեբախտաբար մենք նման չենք այն պետություններին, որոնքն տասնյակ տարիներ իրենց զորանոցներում զորավարժարաններում բանակ են պատրաստում ինչ-որ անհայտ օրվա համար: Մեզ համար այդ օրն ամեն օր է: Ասել է, թե մեր բանակը ամեն օր «քննություն է հանձնում»:
Հ.Գ Եվ եթե բնակչության զգալի մասը պատերազմի երևույթը իր մաշկի վրա չի զգում ուրեմն բանակը ոչ թե լավ, այլ գերազանց է կատարում իր գործը:
Հեղինակ Իզոլդա Սարգսյան