ԱԺ «Հանրապետական» խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը, Tert.am-ի հետ զրույցում անդրադառնալով «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անունից հանդես եկած Վահան Բաբայանի հայտարարությանը, նշեց, թե հզորների վրա մատ թափ չեն տալիս, այլ նրանց հետ համագործակցում են։
Հիշեցնենք, որ ԲՀԿ պատգամավորը հայտարարել էր, որ Կառավարության հրաժարականը չընդունելու դեպքում ԲՀԿ-ն խոստանում է բարիկադներ և ցնցումներ։
«Ես ձեռնպահ կմնայի, որ որևէ կուսակցության, մանավանդ փոքրամասնության, իրավունքների շրջանակում ինձ զետեղեի. դա ըստ էության քաղաքական չի, ոչ էլ քաղաքակիրթ, ինչպես մատ թափ տալը։ Բնականաբար հզորների վրա մատ չեն թափ տալիս, հզորների հետ կարելի է համագործակցել։ Եվ ընդհանրապես քաղաքական դաշտը էդպիսին է, եթե ուզում ես երկրի, պետության գործերն առաջ տանել, դու պետք է օժանդակողի դերում լինես, իսկ եթե ուզում ես ինքդ առաջ տանես, ընդամենը պիտի լինես քաղաքական մեծամասնություն, որը չես»,-ասաց ՀՀԿ-ական պատգամավորը։
Հարցին, թե ՀՀԿ-ականի նման հայտարարությունը կարելի՞ է համարել համագործակցության կոչ, Գալուստ Սահակյանը պատասխանեց. «Մեր նորանկախ քաղաքական պատմության մեջ բազմիցս ՀՀԿ-ն ասել է և՛ ընտրությունների պահին, և՛ հետո, և՛ առօրյա մեր կյանքում, անընդհատ էլ այդ խնդիրն ասում է, որ պետք է քաղաքական դաշտում քաղաքական ուժերը համատեղ գործեն։ Իհարկե, այդ համատեղությունը կարող է տարբեր աստիճանի լինել»,-ասաց նա և նշեց, թե դրա առաջին փորձերը ՀՀԿ-ն արել է դեռևս 1999թ-ին։
«Դրա առաջին փորձերը մենք ենք տվել, 99-ին, երբ եկանք, նույնիսկ ընդդիմադիրներին գործադիր պաշտոններ տվեցինք, ԱԺ-ում հանձնաժողովի նախագահներ, ընդ որում՝ չնայեցինք հետևյալը, որ եթե գործադիր մարմնում աշխատում է կուսակցության նույնիսկ մեկ թեկնածուն, որ արդեն ընդդիմություն չի, մենք պահպանեցինք ընդդիմադիր կեցվածքը։ Մեր խնդիրը ոչ թե այն է, որ այսպես իշխանությունը վերցնենք ու քաղաքական մեծամասնությամբ բամբասենք մյուսներից, այլ ասում ենք՝ մի բամբասեք, եկեք մասնակից դարձեք աշխատանքին»,-նշեց նա։
Դիտարկմանը, որ ԲՀԿ-ն նախազգուշացնում է՝ Կառավարությունը չզիջելու դեպքում ցնցումներ ու բարիկադներ են լինելու, իսկ ՀՀԿ-ն՝ պնդում, որ չի զիջելու, ուրեմն՝ սպասե՞նք ցնցումների, Գալուստ Սահակյանը պատասխանեց. «Մենք չենք ասում չենք զիջելու, մենք ասում ենք, որ մենք գործում ենք մեր լիազորությունների շրջանակում։ Որևէ մի կուսակցություն մյուս կուսակցության լիազորությունների շրջանակում մտնելու բացառապես իրավունք չունի։ Դրանք սեթևեթանքներ են հանրությանը շեղելու տրամաբանությամբ։ Այդտեղ ավելի շատ ախմախություններ են, քան ցնցումներ»,-եզրափակեց նա։
Նյութի աղբյուրը՝ Թերթ.am


