Այսօր Խորեն Աբրահամյանի ծննդյան օրն է: Մեծ դերասանն այսօր կդառնար 84 տարեկան:
Աբրահամյանը ծնվել է Երևանում։ Մասնագիտական կրթությունն ստացել է Երևանի թատերական ինստիտուտում, որի դերասանական ֆակուլտետն ավարտել է 1951թ. և ընդունվել Գ.Սունդուկյանի անվան դրամատիկական թատրոնը, որտեղ կատարել է բազմաթիվ դերեր (Ռոմեո, Պեպո, Օթելլո, Արա Գեղեցիկ , Արշակ թագավոր, Կորիոլան, Մյասնիկյան, Գայ, Ռաֆո Ավետյան և այլն)։[1]
1979–1984թթ. եղել է թատրոնի գլխավոր ռեժիսոր, 1988–1995թթ.՝ գեղարվեստական ղեկավար, միաժամանակ՝ Հայաստանի թատերական գործիչների միության վարչության նախագահ։ ։
Աբրահամյանի դերակատարումներին բնորոշ են դրամատիկական զսպվածությունը, հոգեբանական խոր վերլուծությունը, խոսքի նուրբ հղկվածությունը։ Նրա ստեղծագործական հաջողությունները պայմանավորված էին իր արվեստի ինքնատիպությամբ, նաև արտիստական խառնվածքին հատուկ համարձակությամբ և արդիականության խոր զգացողությամբ։ Գ.Սունդուկյանի անվան թատրոնում բեմադրել է Ն. Զարյանի «Հացավան», Վ.Շեքսպիրի «Ջոն արքա» , Պ. Զեյթունցյանի «Անավարտ մենախոսություն», Պ. Ջակոմետիի «Ոճրագործի ընտանիքը» (նաև եղել է Կորրադոյի դերակատարը), Հ. Իբսենի «Դոկտոր Ստոկման», Գ. Գորինի «Քին» Ա.Քալանթարյանի «Թիկունք», Պ.Զեյթունցյանի «Անավարտ մենախոսություն», և այլ ստեղծագործություններ։ 2000թ. բեմադրել է Պ. Զեյթունցյանի «Խոր Վիրապ» պիեսը։ Աբրահամյանը մասնակցել է նաև բազմաթիվ ռադիո- և հեռուստաբեմադրությունների (Մ. Պանյոլի «Տոպազ», Ն. Զարյանի «Փորձադաշտ» և այլն)։ Հայտնի էր նաև որպես ասմունքող։ Թաղված է Կոմիտասի անվան պանթեոնում։