Վերջերս ադրբեջանական կողմի ցուցաբերած ակտիվությունը ևս մեկ անգամ ապացուցում է, որ Հայաստանն ու Ադրբեջանը շարունակում են գտնվել տեղեկատվական պատերազմի մեջ: Տեղեկատվական ոլորտում ադրբեջանական կողմի քարոզչական քաղաքականության որոշ դրսևորումների վերաբերյալ YerevanNews.am-ի հարցերին պատասխանեց քարոզչության ոլորտի հետազոտող Կարեն Վրթանեսյանը:


Ինչպիսի՞ էվոլյուցիա է ապրել ադրբեջանական տեղեկատվական ռազմավարությունը 1988թ. մինչ օրս:


Նախևառաջ, փոխվել է քաղաքական, ինչպես նաև աշխարհաքաղաքական իրավիճակը։ Բնական է, որ քարոզչությունը և ընդհանուր առմամբ տեղեկատվական ռազմավարությունը չէին կարող չփոխվել։
Այսօր Ադրբեջանը անկախ պետություն է, որը ԽՄԿԿ կենտկոմի հետ իր քայլերը համաձայնեցնելու կարիք չունի։ Ադրբեջանն ունի բավականին լուրջ նյութական միջոցներ, որոնք կարող է ներդնել այդ թվում և տեղեկատվական գործողությունների մեջ։
Բովանդակության առումով՝ այսօր Ադրբեջանի քարոզչության հիմնական ուղերձները հետևյալն են. «Ժամանակն աշխատում է մեր օգտին» և «Ղարաբաղը վերադարձնելու ենք»։ Մնացած բոլոր ուղերձները, քարոզչական թեզերը, ընդհանրապես քարոզչական արտադրանքը (լուրերից սկսած, ֆիլմերով ու դասագրքերով վերջացրած) աշխատում են այդ երկու հիմնական ուղերձների առաջխաղացման ուղղությամբ։
Կազմակերպչական առումով՝ տեղեկատվական-քարոզչական գործունեությամբ զբաղվող բոլոր կառույցները (այդ թվում և այլ երկրներում) Ալիևների ընտանիքի վերահսկողության տակ են և ֆինանսավորվում են Բաքվից։
Եւս մեկ առանձնահատկություն. Ադրբեջանի ներսում հակահայկական քարոզչության հարցերում ամբողջ մեդիան ընդհանուր առմամբ մեկ քաղաքականություն է վարում, ինչը նույնպես գալիս է խիստ ուղղահայաց վերահսկողությունից։


Իսկ այսօր ինչպիսի՞ հնարավորություններ ունի իր արսենալում Ադրբեջանը տեղեկատվական պատերազմ վարելու համար: Ո՞րն է առավել արդյունավետ ու նպատակային օգտագործում: Որո՞նք են իր ռազմավարության թույլ կողմերը:


Փող, նավթ, ձկնկիթ… Իսկ եթե լուրջ, ապա Ադրբեջանն ունի արտասահմանյան PR ընկերություններ վարձելու, լրագրողներին, քաղաքական ու հասարակական գործիչներին կոպիտ ասած՝ գնելու հնարավորություն։ Այլ հարց է, թե ինչքանով արդյունավետ է ծախսում իր միջոցներն Ադրբեջանը։ Հաճախ՝ հայկական կողմը համարժեք ձևով հակազդում է ադրբեջանցիների պատվիրված գործողություններին շատ ավելի քիչ ծախսերով։ Երբեմն նույնիսկ հակազդելու կարիք էլ չի լինում, որովհետև արտասահմանյան մամուլը հայերի կողմից առանց որևէ դրդման քննադատում է Ադրբեջանի այս կամ այն քարոզչական գործունեությունը։ Վառ օրինակ է Բաքվում Եվրատեսիլի անցկացումն անցյալ տարի, որն Ադրբեջանի իշխանության հասցեին խիստ քննադատական ալիք բարձրացրեց աշխարհի լրատվամիջոցներում, քանի որ վեր հանվեց Ադրբեջանում մարդու իրավունքների խնդիրը։

Շատ հաճախ տեղեկատվական պատերազմների մասին պատմող նյութերում կարելի է հանդիպել այն մոտեցմանը, որ արդյունավետ պատերազմ վարելու և հաղթանակելու համար անհրաժեշտ է կիրառել հավաստի փաստեր: Արդյոք այսօր Ադրբեջանի կողմից կիրառվող թեզերի ու ուղերձների հիման վրա ձևավորված քարոզչական իմիջը ամբողջովին համապատասխանում է խաղի կանոններին ու արդյոք այն բումերանգի էֆեկտի պես իր դեմ չի շրջվի:


Շատ հետաքրքիր հարց է։ Ես իմ ուսանողներին միշտ սովորեցնում եմ, որ սխալ է այն պատկերացումը, թե իբր քարոզչությունն այն է, ինչ կեղծիքների վրա է հիմնվում։ Իրականում ամենաարդյունավետ քարոզչությունը հենց ճշմարտության վրա է կառուցվում, և ինչքան ավելի ճշմարիտ է, այնքան ավելի արդյունավետ է։ Կեղծիքների օգտագործումը քարոզչական նպատակներով այո, հաճախ հետ է հարվածում կեղծիքն օգտագործողին։ Սա իսկապես ադրբեջանական քարոզչության թույլ տեղերից մեկն է։ Այլ հարց է, որ ադրբեջանցիները նաև սովորում են իրենց սխալներից և իրենց քարոզչությունը միշտ չէ, որ կեղծիքների վրա է կառուցվում։ Ընդհանրապես, սա բավականին խորը թեմա է, դժվար է կարճ ու հստակ պատասխաններ տալ, պետք է դիտարկել դեպք առ դեպք…


Հեղինակ՝ Ռուզաննա Բալդրյան