Ձվի շուկայում սպասվող գնանկման եւ ժամկետնանց 4860 ոչնչացված ձվերի մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ խոսեց ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայության աշխատակազմի ղեկավարի տեղակալ, ստուգումների պատասխանատու Դավիթ Ղուլյանը:
«Անցկացված երկու դիտարկումների արդյունքում ձվի շուկայից ոչնչացվել է ժամկետնանց 4860 ձու, ընդորում խնդիրները կապված են եղել միայն ներմուծված ձվերի հետ, իսկ ներքին արտադրողի հետ կապված թերացումներ չկան եւ չեն արձանագրվել»-նշում է Դավիթ Ղուլյանը:
Նշենք նաեւ, որ բանախոսի հավաստմամբ ՍԲ. Զատկի տոնին ընդառաջ շուկայում ժամկետանց ձվերի առկայություն կամ ձվի գնաճ չի սպասվում: Ստուգումներն ու մշտական վերահսկողությունը, ըստ Ղուլյանի, կապահովեն այդ օրերին շուկայի բնականոն գնային քաղաքականությունը:
Ըստ նրա` հանրապետությունում օրական սպառվում է 850 հազար ձու, մինչդեռ ընկերությունները ընդհանուր առմամբ արտադրում են մոտ 1 մլն հատ հավկիթ: Բանախոսի հավաստմամբ՝ տեղական արտադրողները կարողանում են ամբողջությամբ բավարարել ներքին պահանջարկը, ինչպես նաև պատրատվել Զատկի տոնին, որպեսզի դեֆիցիտ չլինի: