«2014թ. հունվարի 1-ից ՀՀ քաղաքացիների համար պատուհաս է դարձել անձնագիր ձեռք բերելը։ Անձնագրի տրամադրումն օրենքով նախատեսված է 15 աշխատանքային օրում, սակայն, եթե քաղաքացիները ցանկանան կենսաչափական անձնագրեր ձեռք բերել մեկ աշխատանքային օրում, պետք է լրացուցիչ վճարեն 20 հազար դրամ, 2 աշխատանքային օրում՝ 10 հազար, 5 աշխատանքային օրում՝ 5 հազար դրամ։ Իսկ եթե գումար չունես, պետք է շաբաթներով սպասես, մինչև քո հերթը հասնի»,– գրում է թերթը։
Քաղաքացիներից մեկը այս առնչությամբ թերթի թղթակցին պատմել է․ «25 հազար դրամով անձնագիր ձեռք բերելու մասին չենք էլ մտածել, ժամկետը լրացել էր, գնացի, տեղեկացա, որ պետք է նույնականացման քարտ ձեռք բերեմ։ Համապատասխան մուծումներն արեցի և նշված ժամկետի համաձայն՝ 15 օր հետո, գնացի անձնագրիս հետևից, բայց դեռ պատրաստ չէր»։
Քաղաքացին նոր անձնագիր ստանալու համար Շենգավիթի անձնագրային բաժին դիմում էր ներկայացրել մարտի 20-ին և պետք է անձնագիրը ստանար ապրիլի 5-ին։ «Անձնագրի փոխարեն հեռախոսահամար տվեցին, որ ապրիլի 11-ին զանգեմ, նոր գնամ։ Ապրիլի 11-ին որպես պարտաճանաչ քաղաքացի զանգեցի, տեղեկացրին, որ անձնագիրը լավագույն դեպքում ապրիլի 20-ից հետո նոր պատրաստ կլինի»,– ասում է քաղաքացին՝ հավելելով, որ անձնագրի պատճառով չի կարողացել պայմանագրեր կնքել։
Խնդրի առնչությամբ կապվեցինք ՀՀ ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության պետ Նորայր Մուրադխանյանի հետ։ Վերջինս քաղաքացու տվյալները վերցրեց և ասաց, որ այդ հարցով ինքը կզբաղվի։ Որոշ ժամանակ անց Մուրադխանյանը զանգահարեց և խնդրեց, որ քաղաքացուն փոխանցենք՝ վաղը կարող է գնալ և անձնագիրը ստանալ։ Մենք հետաքրքրվեցինք, թե ինչպես եղավ, որ արդեն անձնագիրը պատրաստ է, իսկ մի քանի ժամ առաջ ասել էին, որ ամսի 20-ից հետո հազիվ պատրաստ կլիներ, Մուրադխանյանը պատասխանեց, որ ճիշտ է՝ 15 օր է նշված ժամկետը, բայց իրենք 21 օրվա ընթացքում են տրամադրում անձնագրերը»,–գրում է թերթը։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։