Այսօր Ազգային ժողովի էթիկայի հանձնաժովը քննեց լրագրողներ Սարգիս Խանդանյանի, Գրիշա Բալասանյանի, Հակոբ Կարապետյանի, Աննա Եղիազարյանի դիմումը, որով վերջիններս պահանջում են էթիկայի խախտում ճանաչել 2013թ. դեկտեմբերի 23-ին ԱԺ արտահերթ նիստի ժամանակ լրագրողների նկատմամբ ՀՀԿ խմբակցության անդամ Առաքել Մովսիսյանի (Շմայս) դրսևորած վարքը:
Հիշեցնենք, որ 2013թ. դեկտեմեբերի 23-ին Ազգային ժողովի արտահերթ նիստի մեկնարկից րոպեներ անց խորհրդարանի դահլիճում գտնվող չորս լրագրողներ լուռ ակցիա են իրականացրել` պաստառներ պարզելով քաղաքական մեծամասնությունը ներկայացնող պատգամավորների առջև: Լրագրողների բողոքի ակցիայի ընթացքում ԱԺ պատգամավոր Առաքել Մովսիսյանը (Հանրապետական խմբակցություն) բացականչել է` «էս կապիկներին էլ հանեք ստից»:
Լրագրողները նախապես խնդրել էին կարգապահական պատասխանատվության ենթարկել պատգամավորին, այն է՝ պահանջել, որպեսզի վերջինս հրապարակային ներողություն
խնդրի լրագրողներից, սակայն հետագայում վերանայել են դիմումի պահանջը: Նրանք պահանջում են ճանաչել Ա.Մովսիսյանի կողմից պատգամավորի վարքագծի կանոնների խախտումը:
YerevanNews.am-ը կապ հաստատեց ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Առաքել Մովսիսյանի հետ, ճշտելու համար, թե արդյո՞ք պատգամավորը պատրաստ է ճանաչել իր վարքագծի կանոնների խախտումը, սակայն պատգամավորը մեկ անգամ ևս հիշեցրեց իր «փայլուն» վարքագծի մասին:
«Ես ձեզ ատչոտ չունեմ տալու»,-այսպես պատասխանեց ԱԺ պատգամավոր Առաքել Մովսիսյանը:
Նշենք, որ էթիկայի հանձնաժողովը լրագրողների պարզաբանումները քննելուց և Առաքել Մովսիսյանին լսելուց հետո՝ որոշում կկայացնի: