Թուրքիան իր տարածքում գտնվող Արևմտյան Հայաստանի 300 պատմական հուշարձաններ 2011թ.-ին ճանաչել է վրացական: YerevanNesw.am-ը փորձեց զրուցել վրացագետ Արկադի Ակոպովի հետ` պարզելու այդ շինությունների իրական տերերին:
-Թուրքիայում 300 հայկական շինություններ` վանքեր, եկեղեցիներ ճանաչվեցին որպես վրացական: Ի՞նչ շինություններ են դրանք և ո՞ր դարում են կառուցված:
-Խոսքը Մեծ Հայքի 14-րդ նահանգ Տայքի մասին է, որը հնուց ի վեր եղել է հայկական պետականության գոյատարածքներից մեկը: Այստեղ 1-ին դարում հաստատվում են Դիմաքսյան նախարարական տան ներկայացուցիչները, իսկ 4-րդ դարում Տայքը` իբրև ժառանգական կալվածք, տրվում է Մամիկոնյաններին: 774-775թթ. հակաարաբական ապստամբության անհաջող ավարտից հետո Տայքն անցնում է Մամիկոնյանների հետ խնամիական կապեր ունեցող Բագրատունիներին, որից հետո Տայքում և Կղարջքում հաստատվում է հակաարաբական ապստամբության առաջնորդներից Վասակ Բագրատունու հետնորդ Աշոտ Կյուրապաղատը, որը Թիֆլիսի ամիրայության արաբների դեմ պայքարում Բյուզանդական կայսրության և վրացիների աջակցությունը ստանալու համար ընդունում է քաղկեդոնական դավանանքը: Ժողովրդի մի մասը իշխող վերնախավի օրինակով ընդունում է քաղկեդոնականություն: Նորահավատ քաղկեդոնականների հոգևոր պահանջմունքները բավարարելու համար հարևան Վրաստանից գալիս են նաև քաղկեդոնիկ հոգևորականներ:
Այս պարագայում քննարկաման առարկա է Իշխան գյուղի եկեղեցին, որը կառուցվել է 7-րդ դարում Ներսես եպիսկոպոսի կողմից, վերջինս 641-661թթ. եղել է Ամենայն հայող կաթողիկոս Ներսես Գ Տայեցին: Հաջորդ եկեղեցին 7-րդ դարում Ներսես Տայեցու կողմից կառուցված Բանակի եկեղեցին է: Խոսքը նաև Խախուի Սուրբ Աստվածածին եկեղեցու մասին է, որը կառուցվել է 9-10-րդ դարերում: Օշկվանքը և Չորդվանքը ևս կառուցվել են 10-րդ դարում: Բոլոր բնակավայրերում բնակչություն ճնշող մեծամասնությամբ եղել է հայկական, քանի որ բնակավայրերը հայկական անվանաձևեր ունեն:
-Ինչ՞ն է ապացուցում, որ դրանք վրացական եկեղեցիներ են:
-Եկեղեցիներում պատերի արձանագրությունները գրված են վրացերեն: Պատճառն այն է, որ այդ արձանագրություններ կատարում էին հոգևորականները: Այս պարագայում վրացի հոգևորականների ձեռքով է կատարվել արձանագրությունները, ովքեր եկել էին տեղի հոտը ղեկավարելու: Բնականաբար արձանագրությունները պետք է լինեին վրացերեն, քանի որ վրացի հոգևորականը հայերենին չէր տիրապետում: Սակայն վրացերեն արձանագրությունների կողքին հանդիպում են հայատառ թվագրումներ Իշխանում և Խախուի եկեղեցում, ինչը վկայում է այն մասին, որ բնակչությունը եղել է հայկական:
Իր հերթին Տայքի Էքեք գյուղի եկեցեցու պատի հունարեն և վրացերեն արձանագրությունները կատարվել են սարսափելի տառասխալներով, բայց ինչպես գիտենք հոգևորականությունը ամենագրագետ մասսան է եղել, և հնարավոր չէ, որ հոգևորականության կողմից տառասխալներով արձանագրություններ գրվեր: Այստեղից կարելի է հանգել այն եզրակացությանը, որ գյուղական բնակավայրերում հոգևորականություն եղել է հայ և չի տիրապետել վրացերենին և հունարենին:
-Բացի վերը նշվածից դրանց հայկական լինելը ապացուցող էլ ի՞նչ փաստեր կան:
-Այն մասին, որ այդ եկեղեցիները թեկուզ քաղկեդոնիկ, բայց հայկական են եղել, բացահայտել է ակադեմիկոս Նիկողայոս Մառը, որը մայրական կողմից վրացի է: Հենց ինքը Մառը ասել է, որ այդ եկեղեցիներում միայն ժամերգությունն էր վրացերեն, մնացած ժամանակ կիրառվել է հայերենը: 16-րդ դարի թուրքական դաֆթարներում վրացական անվանումներ չենք հանդիպում, մեծամասամբ հայկական, մասամբ էլ թուրքական և քրդական անվանումներ: Դա փաստ է, սակայն վրացիները փորձում են խուսափել դրանից` շեշտը դնելով միայն եկեղեցիների արձանագրությունների վրա:
Այսպիսով, առկա են բոլոր փաստերը Թուրքիայում գտնվող եկեղեցիների հայկական լինելու վերաբերյալ. մնում է միայն պահանջատեր լինել մեր մշակութային կոթողների համար…
Հեղինակ` Սուսաննա Խլղաթյան
Լուսանկարների աղբյուրը`
https://www.facebook.com/pages/%D5%8F%D5%A1%D5%B5%D6%84/510265848996239?fref=ts