Հայոց Ցեղասպանության 99-ամյակի նախաշեմին՝ ապրիլի 18-ին կայացավ ՀՀ սփյուռքի նախարարության պատվերով հրատարակված 3 գրքերի շնորհանդեսը:
Առաջին գիրքը՝ «Հայոց ցեղասպանությունը միջազգային իրավական փաստաթղթերում»
ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի եվրոպական և միջազգային իրավունքի ամբիոնի հետ համատեղ հրատարակված «Հայոց ցեղասպանությունը միջազգային իրավական
փաստաթղթերում» ժողովածուի մեջ ամփոփված են Հայոց ցեղասպանությանը
վերաբերող հիմնական միջազգային իրավական փաստաթղթերը, որոնք վերաբերում են
«Ցեղասպանություն» հասկացությանը, Հայոց ցեղասպանության միջազգային
ճանաչման գործընթացին, խնդրին առնչվող միջազգային դատական ատյանների
որոշումներին: Փաստաթղթերի մեծ մասն առաջին անգամ է ներկայացվում հայերեն
լեզվով:
ԵՊՀ Եվրոպական և միջազգային իրավունքի ամբիոնի վարիչ Վ. Քոչարյանը ներկայացրեց
հետազոտությունը և շնորհակալություն հայտնեց ՀՀ սփյուռքի նախարարությանը
նման աշխատանք իրականացնելու հնարավորություն ընձեռելու համար:
ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի դեկան, ԳԱԱ թղթակից անդամ Գագիկ Ղազինյանը նշեց,որ այս հետազոտությունը պետք է հիմք և սկիզբ դառնա Հայոց Ցեղասպանության
հարցը միջազգային ատյաններում հիմնավորված և անհերքելի ապացույցներով
ներկայացնելու գործում:
Երկրորդ գիրքը՝ «Արդի լեզվաքաղաքականության խնդիրները»
ՀՀ ԳԱԱ Աճառյանի անվան լեզվի ինստիտուտի տնօրեն Վիկտոր Կատվալյանը ներկայացրեց 2013թ. Մայրենիի օրվան նվիրված «Արդի լեզվաքաղաքականության խնդիրները» վերնագրով գիտաժողովի նյութերի ժողովածուն:
Գիրքը նվիրված է արդի լեզվաքաղաքականության խնդիրներին և առկա մարտահրավերներին: Արձանագրվում է այն փաստը, որ մայրենի լեզուն իր գրական երկու ճյուղերով, ինչպես նաև խոսակցական ու բարբառային դրսևորումներով մշտապես պետական ու հասարակական հոգածության, արդյունավետ ու համակարգված լեզվաքաղաքականության կարիք ունի և ենթակա է գիտական շարունակական հետազոտության:
Երրորդ գիրքը՝ «Միգրացիան և հայկական նոր սփյուռքը»
«Միգրացիան և հայկական նոր սփյուռքը» էթնոսոցիոլոգիական հետազոտությունը ներկայացրեց ՀՀ ԳԱԱ հնագիտության և ազգագրության ինստիտուտի Սփյուռքի
հետազոտությունների բաժնի վարիչ Ռ. Կարապետյանը:
Մենագրությունը նվիրված է բնակչության միգրացիային և դրա արդյունքում ձևավորված որակապես նոր հայկական սփյուռքում էթնիկ գոյատևմանը: Այդ խնդրի պարզաբանման համար ներգրավվել են Հայաստանի Հանրապետության 5 քաղաքներում և 25 գյուղերում
անցկացված տևական էթնոսոցիոլոգիական հետազոտությունների նյութերը: Դա թույլ
է տվել հետևել ՀՀ բնակչության տեղաշարժերի դինամիկային՝ ըստ կոնկրետ
տեսակների, ինչը հնարավորություն է տալիս արտացոլել նոր հայկական սփյուռքի
ձևավորման բնութագիրը և բացահայտել Հայաստանում և սփյուռքում բնակվող
էթնոսի երկու հատվածի փոխադարձ կապերի ինտենսիվությունը, դրա զարգացման
ուղիները ու որակական բնույթը:
Եզրափակելով միջոցառումը՝ ՀՀ սփյուռքի նախարարի պաշտոնակատար Հրանուշ Հակոբյանը նշեց. «Բոլոր աշխատանքներում էլ առկա է գիտական բարձր մակարդակը: Ամենակարևորն այն է, որ բոլոր վերլուծությունները և եզրահանգումները կիրառելի դառնան հետագա աշխատանքների մեջ»:
Աղբյուրը՝mindiaspora.am