«Հուլիսի 1-ից նախատեսվում է պետական պաշտոնյաների և քաղծառայողների աշխատավարձերի կտրուկ բարձրացում։ 2014թ. բյուջեով այդ գումարները նախատեսված են, բայց պետության ֆինանսական դրությանն ու հեռանկարին տեղյակ շրջանակներն այդ բարձրացումն այնքան էլ իրատեսական չեն համարում։ Մասնավորապես, նրանք փաստում են, որ նույնիսկ ներկա վճարումները կատարվում են մեծ դժվարությամբ, և անգամ հավանական են համարում սեկվեստորի իրականացումը (բյուջետային ծախսերի կրճատում)։
Դժվար է ասել՝ կլինի՞ սեկվեստոր, թե՞ ոչ, բայց իշխանական շրջանակներում քննարկվում է, որ առաջիկայում վարչապետ Հովիկ Աբրահամյանը կարող է հանդես գալ այլ նախաձեռնությամբ։

Ըստ կառավարությանը մոտ աղբյուրների՝ Աբրահամյանը կարող է կոչով դիմել Աժ պատգամավորներին, նախարարներին և փոխնախարարներին և նրանց առաջարկել կամավոր հրաժարվել իրենց աշխատավարձի բարձրացումից։ Վարչապետն առաջարկելու է այդ գումարն ուղղել մի հիմնադրամի, որը պայմանականորեն կկոչվի «գյուղատնտեսության աջակցության հիմնադրամ»։

Մոտավոր հաշվարկներով՝ աշխատավարձերի բարձրացումից կարող է հրաժարվել շուրջ 200 պաշտոնյա, իսկ հիմնադրամ ուղղվելիք գումարի չափը կկազմի ամսական 200 հազար ԱՄՆ դոլարին համարժեք դրամ։
Ենթադրվում է, որ այդ հիմնադրամում հավաքված գումարները կծախսվեն գյուղատնտեսական գործիքների և սարքավորումների ձեռքբերման, այս ոլորտում նորագույն տեխնոլոգիաների ներդրման նպատակով»,–գրում է թերթը։

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։