«Մենք կարողանում ենք սփյուռքում ապրող, գործող անհատներին, կառույցներին, կազմակերպություններին ոգևորել, ուժ տալ, կապել հայրենիքի հետ, բերել դեպի Հայաստան»,-այսօր «Հայապահպանության գործում նշանակալի ավանդի համար» ամենամյա մրցանակաբաշխության արդյունքները ամփոփելու ժամանակ ասաց ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը:

 Վերջինս շնորհավորելով ներկաներին  ընդգծեց, որ իր համար պարտվողներ չկան և բոլորն են հաղթած:

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի քրիստոնեական դաստիարակության կենտրոնի տնօրեն Վարդան աբեղա Նավասարդյանն էլ կարևորեց. «Իբրև հայ մարդ, իբրև եկեղեցու սպասավոր մենք մշտապես ոգևորվում ենք և ներշնչվում ենք այսօրինակ նախաձեռնություններով, որոնք  միտված են գլխավորապես քաջալերելու ոգևորելու, ներշնչելու և մանավանդ ընդգծելու հայապահպանության գործում նշանակալի ավանդ ունեցող անհատներին և կազմակերպություններին»: Մրցանակակիրներին ողջունեցին նաև Համաշխարհային հայկական կոնգրեսի փոխնախագահ Արամ Սարգսյանը, Ռուսաստանի հայերի միության փոխնախագահ Վլադիմիր Աղայանը: Իրենց հայրենասիրական երգերով ներկաներին ողջունեցին և շնորհավորեցին նաև «Հայկազունների համույթը»:

 Միջոցառման ընթացքում մի շարք կազմակեպություններ, կառույցներ, ինչպես նաև հայապահպանության գործում մեծ ներդրում ունեցող անհատներ արժանացան  տարբեր կարգի մրցանակների և դրամական պարգևների: «Հայապահպանության գործում նշանակալի ավանդի համար» ամենամյա մրցանակաբաշխությունն անց է կացվում Համաշխարհային հայկական կոնգրեսի և Ռուսաստանի հայերի միության հետ համատեղ՝ 2010 թվականից:

  Հ. Գ. 2013թ. համար հաստատվել են մրցանակաբաշխության հետևյալ անվանակարգերը՝

1. «Երիտասարդական/ուսանողական կազմակերպություն»

2. «Հայրենիք, քեզ այսպիսին եմ տեսնում» մանկական ստեղծագործությունների մրցույթ

3.«Մայր իմ անուշ ու անգին» շարադրությունների մրցույթ

4.«Մայրենիի պաշտպան»

5.«Համայնքային կառույց»