Ինչպես տեղեկացնում է ermenihaber.am-ը Թուրքիայի քրդական «Խաղաղություն և ժողովրդավարություն» կուսակցության համանախագահ Սելահաթթին Դեմիրթաշը, ելույթ ունենալով խորհրդարանական խմբակցության ժողովի ժամանակ, ի թիվս այլ հարցերի անդրադարձել է նաև Հայոց ցեղասպանությանը:
Ըստ Դեմիրթաշի՝ 99 տարի առաջ տեղի ունեցած դեպքերը նման են ֆաշիստական Գերմանիայում իրականացված ցեղասպանությանը: Քուրդ քաղաքական գործիչն ընդգծել է, որ աշխարհում ճնշված ժողովուրդների նկատմամբ կատարված բռնությունները չպետք է անտեսվեն:
Դեմիրթաշը նշել է որ, Թուրքիայի կառավարությունը պետք է առերեսվի տեղի ունեցածների հետ, սակայն ընդհակառակը շարունակում է ոչ մուսուլմանների նկատմամբ խտրական վերաբերմունքը: «Եթե ներողություն չխնդրենք, ոչ ոք չի կարող խոսել 76 միլիոն մարդու եղբայրության մասին»,- ընդգծել է Դեմիրթաշը՝ ուշադրություն հրավիրելով այն հանգամանքի վրա, որ վարչապետ Էրդողանը Թուրքիայում ապրող էթնիկ խմբերին թվարկելիս, չի նշել ոչ մուսուլմաններին:
Աղբյուրը` ermenihaber.am