Այս տարի Հայաստանը կմասնակցի «Եվրատեսիլին»: Շվեդիայում կայանալիք երգի մրցույթում Հայաստանը ներկայացնողի անունը դեռեւս հայտնի չէ, մինչդեռ արդեն տարբեր երգիչներ հայտարարում են, որ պատրաստ են մասնակցել դրան:Երեկ Հայաստանի մասնակցության մասին հոդված է հրապարակվել «Եվրատեսիլ» երգի մրցույթի պաշտոնական կայքէջում: «Հայաստանը նորից Սիրուշո՞ն կներկայացնի» վերնագրով հոդվածում հեղինակը գրում է, որ թեեւ Հայաստանի հանրային հեռուստաընկերությունը դեռեւս վերջնական որոշում չի կայացրել, բայց երկրի ներսում շատ է խոսվում, որ հենց Սիրուշոն է «Եվրատեսիլում» ներկայացնելու կովկասյան այս փոքրիկ երկիրը:
Երգչուհի Սիրուշոն «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ասել է, որ հոդվածի մասին տեղյակ է, նրա խոսքով առաջին անգամը չէ, որ խոսվում է իր՝ «Եվրատեսիլ» վերադառնալու մասին:
«Եվրատեսիլում» Հայաստանը ներկայացնող մասնակիցներից մինչեւ այժմ ամենաբարձր դիրք հենց Սիրուշոն է զբաղեցրել։ Իր «Քելե-քելե» երգով նա 2008 թվականին գրավեց 4-րդ հորիզոնականը:
«Եվրատեսիլի» պաշտոնական կայքէջում հրապարակված հոդվածում անդրադարձ կա նաեւ Սիրուշոյի վերջին «ՊռեԳոմեշ» երգին, հեղինակը գրում է, որ այն կարճ ժամանակահատվածում հայտնի եւ սիրված հիթ է դարձել: Միայն առաջին օրը YouTube-ում «ՊռեԳոմեշ» երգի տեսահոլովակը 125 հազար դիտում ունեցավ, իսկ 3 շաբաթում այդ թիվը հասավ 560 հազարի: Հոդվածի հեղինակը գրում է, որ հնարավոր է հենց «ՊռեԳոմեշն» է «Քելե-Քելե»-ի շարունակությունը։ Երգչուհի Սիրուշոն ասաց, որ «ՊռեԳոմեշը» «Եվրատեսիլի» հետ կապ չունի: Երգչուհին նշեց, որ հետեւել է երկրպագուների արձագանքին հատկապես վերջին երկու օրերի ընթացքում, դա նրան մասնակցության մասին մտածելու առիթ է տվել:
«Թեեւ մասնակցության մասին որոշում այս պահին չկա, բայց երկրպագուների խոսքերը ստիպում են մտածել այդ մասին: Ամեն դեպքում երբեք չեմ մտածել «Եվրատեսիլ» վերադառնալու մասին», – նշեց Սիրուշոն։
«Եվրատեսիլի» պաշտոնական կայքէջում հրապարակված հոդվածում հեղինակը ուշադրություն է հրավիրում այն փաստի վրա, որ նախորդ տարի երգչուհին հաստատել էր, որ հետաքրքրված է մրցույթին մասնակցությամբ, մինչդեռ Հայաստանը նախորդ տարի «Եվրատեսիլին» ընդհանրապես չմասնակցեց:
Նախորդ տարի բացի Սիրուշոյից «Եվրատեսիլին» մասնակցելու մասին խոսեցին նաեւ «Դորիանս» ռոք խմբի անդամները, նրանք անգամ մրցույթին մասնակցելու համար երգ ներկայացրեցին, ինչ վերաբերում է այս տարի խմբի Եվրատեսիլին մասնակցելուն, «Դորիանս»-ի մենակատար Գոռ Սուջյանը ասաց, որ դեռեւս նման որոշում չեն կայացրել:



 
										
										 
										
										 
										
										 
					






 
		 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 «Եղել են ինձ ճնշելու փորձեր, բայց ռեկտորը հասկացել է, որ դա վատ հետեւանքներ կունենա ԵՊՀ–ի համար». Արայիկ Հարությունյան
										«Եղել են ինձ ճնշելու փորձեր, բայց ռեկտորը հասկացել է, որ դա վատ հետեւանքներ կունենա ԵՊՀ–ի համար». Արայիկ Հարությունյան				 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
				 
				 
				 
				 
				 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
					