Հայոց Ցեղասպանության 100-րդ տարելիցին ընդառաջ գործունեության թուրքական և հայկական հնարավոր սցենարների մասին YerevanNews.am-ը զրուցեց պատմական գիտությունների թեկնածու, թուրքագետ Լևոն Հովսեփյանի հետ:
- Ո՞րն է 2014-2015 թվականներին թուրքական քաղաքականության հիմնական սցենարը՝ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին ընդառաջ։
- Թուրքիա պետությունը բավականին լուրջ նախապատրաստություն է տեսնում այս առիթով՝ թե՛ քաղաքական-դիվանագիտական, թե՛ հասարակական-հանրային և թե՛ակադեմիական-գիտական մակարդակներում։ Ֆիքսված միջոցառումները հիմնականում իրականացվում են գիտության բնագավառում՝ գիտաժողովների, կոնֆերանսների, դասախոսությունների անցկացում, գիտական գրականության հրապարակման (և՛ պետության ներսում և նրա սահմաններից դուրս), որոնց մեկնարկը արդեն իսկ տրված է։ Բազմաթիվ գիտական ինստիտուտներ, կենտրոններ, առանձին գիտնականներ աշխարհի տարբեր երկրներում աշխատում են այս ուղղությամբ՝ բնականաբար թուրքական ֆինանսավորմամբ։
- Նման պարագայում ինչպիսի՞ն պետք է լինի գործունեության մեր ուղին։
- Մենք պետք է կարողանանք արժանի հակահարված տալ այս միջոցառումներին՝ ակտիվացնելով հատկապես միջազգային հարթակներում գիտական-ակադեմիական բնագավառը։ Հարկ է նշել, որ մեր դիվանագիտական ներկայացուցչությունները պետք է տեղյակ լինեն տարբեր երկրներում Թուրքիայի կողմից ֆինանսավորվող վերոհիշյալ միջոցառումների կազմակերպման մասին և ապահովեն հայկական կողմի պարտադիր ներկայությունը։ Նման նախադեպեր մենք ունեցել ենք, որոնք բավական արդյունավետ են եղել։ Օրինակ՝ Գերմանիայում թուրքական կողմի նախաձեռնությամբ կազմակերպված մի համաժողովի ժամանակ հայկական դիվանագիտական ներկայացուցչությունը համապատասխան գործողությունների արդյունքում կարողանում է ապահովել հայկական պատշաճ ներկայացվածություն, ինչի արդյունքում այդ համաժողովը պարզապես չկարողացավ ծառայել այն նպատակների, որոնք նախապես գծել էր թուրքական կողմը։
-Բազմաթիվ մասնագետներ նշում են ցեղասպանության հարցը իրավական դաշտ տեղափոխելու անհրաժեշտության մասին․ դեռևս չունենալով միջազգային ճանաչման ամբողջական պատկեր՝ հնարավո՞ր է արդյոք իրավական ոլորտում արդյունավետություն ապահովել։
- Իհարկե։ Մինչ այս հայկական կողմի գործողությունները հիմնականում տարածվում էին քարոզչական-տեղեկատվական ոլորտում։ Այսօր արդեն կա իրավական գործընթացների մշակումների փուլի անհրաժեշտություն։ Պետք է մշակվեն համապատասխան մեխանիզմներ միջազգային դատարանների դռները բացելու համար․ սրանից է կախված վերջնական արդյունավետությունը։ Անհրաժեշտ են համակողմանի իրավական փաթեթների, սցենարների մշակումներ դրսի միջազգայնագետների, ցեղասպանագետների ու մասնագետների հետ համագործակցությամբ:
-Իսկ ինչքանո՞վ է այդ ուղղությամբ աշխատում հայկական կողմը, մասնավորապես ՀՀ-ն։
-2011 թվականին ստեղծված պետական հանձնաժողովը, կարծում եմ, որ պետք է ներգրավված լինի իրավական աշխատանքների մեջ։ Անհրաժեշտ է աշխատել ո՛չ միայն հայ իրավաբանների, դիվանագետների, միջազգայնագետների, ցեղասպանագետների հետ, այլև աշխատանքներում ներգրավել օտարերկրյա նշանավոր մասնագետների։ Սրա նախադեպերը մենք նույնպես ունենք, ուստի այս աշխատանքներում առաջնահերթ կարևորություն ունի Սփյուռքի դերակատարությունը, որի միջոցով էլ անհրաժեշտ է համակարգել արտասահմանյան գիտնականների հետ տարվող աշխատանքները:
- Կա արդյո՞ք մի կողմից՝ սփյուքում գործող տարբեր կառույցների, մյուս կողմից՝ սփյուռքի կառույցների և Հայաստանյան կողմի միջև համձայնեցված մեկ ընդհանուր ուղի, որով առաջ է շարժվում հայկական կողմը, թե՞ ոչ։
- Այս խնդիրը մշտապես գոյություն է ունեցել՝ կապված մեր գործողությունների համակարգված չլինելու հետ թե Հայաստանի, թե Սփյուռքի մեր կառույցների մասով: Այս առումով կարևոր է պետական հանձաժողովի դերը, որը կոչված է ոչ թե միջոցառումները կազմակերպելու, այլ վերջիններս համակարգելու։
- Անդրադառնալով ԱՄՆ Սենատի Արտաքին հանձնաժողովում ընդունված բանաձևին՝ ինչո՞վ էր այն տարբերվում մինչ այս ընդունված բանաձևերից ու ինչպե՞ս մենք պետք է այն ընկալենք։
- Մեծ հաշվով, ոչ մի էական տարբերություն էլ չեմ տեսնում, սա մի գործընթաց է, որին առանձնապես ոգևորությամբ մոտենալ պետք չէ։ Ինչպիսի կյանք են ունենում նման բանաձևերը․ առաջարկվում են, ընդունվում, անցնում երկար ճանապարհ, բայց վերջնական պահին կասեցվում են: Բացի այդ Միացյալ Նահանգները չեն վտանգի Թուրքիայի՝ որպես կարևոր դաշնակցի հետ իրենց ունեցած հարաբերությունները՝ մասնավորապես այսօրվա աշխարհաքաղաքական գործընթացների համատեքստում։ Նույնը վերաբերում է նաև ԱՄՆ նախագահի սպասվելիք ապրիլքսանչորսյան ուղերձին:
- Ի՞նչ սպասել 2015-ից։
- 2015-ը վեջնակետ չի, որի հետ մենք մեծ հույսեր ենք կապում։ Այն պարզապես ընթացող գործընթացի կարևոր փուլ է, որն ակնկալում է մեծ ակտիվություն մեր կողմից։ 2015-ին հետևելու է 2016, 2017 և այլն։ Մենք մի քիչ շատ էմոցիոնալ ենք 100-ամյա տարելիցի հետ կապված, պետք է պրագմատիկ լինենք ու հասկանանք, որ այն կարևոր մի փուլ է, որի ժամանակ մենք պետք է մոբիլիզացնենք մեր հնարավորությունները և մեծ ակտիվությամբ ու համակարգված նախաձեռնություններով հանդես գանք։ Մենք ունենք մեծ ներուժ սփյուռքի տեսքով, որը չունի Թուրքիան։ Պարզապես պետք է համակարգված գործել․ դա իսկապես կարող է ապահովել արդյունավետության բարձր մակարդակ։
Մարիամ Առաքելյան