Yerevannews.am-ի հետ զրույցում սկանդալային երգչուհի Եվա Ռիվասը հայոց ցեղասպանության մասին խոսում է բարկությամբ ու նշում, որ ինքն իր արվեստով վրեժխնդիր կլինի թուրքի ձեռքով նահատակված 1.500.000 հայերի համար:
«Ողջ հայ ազգը այս օրերին հիշում ու ցավում է 1915թ.-ին թուրքերի կողմից դաժանաբար կոտորված հայերի համար: Ես հոգուս մեջ ցավ եմ զգում ու զայրույթ ապրում, ուզում եմ վրեժ լուծել ու ես դա կանեմ` կանեմ իմ արվեստով: Հայոց ցեղասպանությունը մի սպի է, որը նաև մեզ ուժ է տալիս պայքարելու, առաջ գնալու, աշխարհից պահանջելու ու աշխարհին ստիպելու, որ հասկանան ու ընդունեն հայերի ցավը»,- մեզ հետ զրույցում ասաց երգչուհին:
Ծնվելով ու ապրելով Ռուսաստանում` Եվան հիշում է, որ ապրիլի 24-ին` հայոց ցեղասպանության զոհերի հիշատակման օրը, իրենց քաղաքում հայերը, ռուսները և մի շարք այլ ազգությունների ներկայացուցիչները միասնական մեկ մարդու, մեկ ազգի նման հավաքվում էին հայոց ցեղասպահության զոհերի հիշատակը հավերժացնող հուշարձանի մոտ, ծաղիկներ դնում և իրենց կամքը հաստատում պայքարելու և արդարության հասելու համար:
«Հայը աշխարհի որ անկյունում էլ ապրի` հիշում, ցավում և աղոթք է հնչեցնում առ Աստված հանուն ցեղասպանության զոհերի հիշատակի հավերժության: Հայի ազգային դիմագծում կա մի բան, դա արտահայտվում է ամենուր` որտեղ էլ, որ հայը ապրի: Դա հայի դարավոր հիշողությունն է ու գոյատևելու, արարելու կարողությունը, որը ոչ ոք չի կարող կոտրել կամ ընկճել: Հենց այդ հատկության շնորհիվ մենք առաջ ենք գնում, մենք ուժեղանում ենք, որպեսզի անարդարության դեմ ողջ ազգով պայքարենք՝ յուրաքանչյուրս ինչպես կարող է` իր գործով, իր արվեստով, ստեղծածով»,- նշում է Ռիվասը: