Ազգային ժողովի Հայ ազգային կոնգրես խմբակցությունն ամենայն հավանականությամբ չի մասնակցի ԱԺ նախագահի քվեարկությանը: Այս մասին YerevanNews.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց ՀԱԿ խմբակցության պատգամավոր Գագիկ Ջհանգիրյանը:

Հիշեցնենք, որ ՀՀԿ ԳՄ նիստում որոշում է կայացվել ԱԺ նախագահի պաշտոնում առաջադրել ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանի թեկնածությունը, որի հարցով քվեարկությունը տեղի կունենա քիչ անց:

Գագիկ Ջհանգիրյանից հետաքրքրվեցինք նաև նոր ձևավորված կառավարության կազմի մասին, ինչին նա պատասխանեց, որ դեռևս չի կարող ոչինչ ասել, քանի դեռ չսկսեն իրենց աշխատանքները: Ինչ վերաբերում է նոր վարչապետ Հովիկ Աբրահամյանին, ապա նա ասաց.

«Մինչև չաշխատի չեմ կարող ասել: Այստեղ նա այլ ֆունկցիաներ է իրականացնում. Քաղաքական ուժերի հետ լեզու գտնելու ֆունկցիա, ընդհանուր աշխատանքի ֆունկցիա, վարչապետի գործն այլ է, տեսնենք` ոնց կաշխատի»:

Հարցին, թե ինչպե՞ս է վերաբերում «Օրինաց երկիր» կուսակցության` կոալիցիայից դուրս գալու քայլին նա արձագանքեց. «Ոչ մի կերպ չեմ վերաբերում, երբ կոալիցիայում էր ևս ոչ մի կերպ չէի վերաբերում»: