Այսօր Պարի միջազգային օրն է: Ճանաչված բալետմեյստեր, ՀՀ ժողովրդական արտիստ Ռուդոլֆ Խառատյանն այսօր «Ելակետ» ակումբում խոսելով պարարվեստից՝ այն համեմատեց օդանավի հետ:

Ինչ վերաբերում է բալետային արվեստին, նրա խոսքով.
«Ազգագրականը ուրիշ խնդիրներ ունի, բալետային արվեստը՝ ուրիշ: Եթե օդանավի վրա ընդամենը արծիվ նկարես, չի թռչի, այն պետք է ճիշտ մեխանիկա ունենա, որ բարձրանա վերեւ: Իմ խնդիրն այն է, որ պարողները այնքան մարզվեն, որ կարողանան թռչել: Բալետը թռիչք է, տրանսցենդենտ գաղափար ունի, ինքը ամենօրյա հացի հետ կապ չունի. բալետը միացնում է քեզ ու տիեզերքը, քեզ ու Աստծուն»:


Նա տեղեկացնում է` ինքը, լինելով օպերայի թատրոնի գլխավոր բալետմայստեր, մինչև 2017թ. համար ծրագիր էր մշակել, որը, սակայն, իր` գլխավոր բալետմայստերի պաշտոնի հեռացումից հետո կիսատ մնաց:


«Մոդեռն բալետն ուրիշ սկզբունքներ ունի, մեկը՝ աստվածային, մյուսը՝ մարդկայինի մասին, բավականին նրբություններ, գաղտնիքներ կան, որով կարելի էր բնորոշել ազգի աբստրակտ մտածելակերպը: Մեր ազգը հզոր ազգ է, շատ հնարավորություններ ունի»,-շեշտում է արվեստագետը ու հավելում,- ես միշտ ասում եմ, որ ներուժը կա, գիտենք տեխնոլոգիաները, ինչպես անել, որ մեր ուզածը լինի: Դրսից, որ նայում ես՝ Հայաստանը փոքրիկ հողակտոր է, այս ու այն կողմից թելադրվող:

Նույնը կատարվում է նաեւ բալետի մեջ, այն խեղդված է, ինքն իր մեջ պարփակված: Այսօրվա բալետն արտահայտում է այսօրվա մշակութային մոդելը: Ի դեպ, եթե զինուժը երկրային սահմաններն է, բալետը՝ երկնային տերիտորիան է, աշխարհն ուզում է ավելի մեծ հոգեւոր տերիտորիաներ վերցնել: Մենք ավելի լավ հեռուստացույց ու մեքենա չենք կարող ստեղծել, բայց բալետով կարող ենք առաջ գնալ, բալետով կարող էինք ցույց տալ հայկական ոգին ու պատմությունը, խոսքը քաղաքականացվում է, իսկ բալետի պարագայում ոչ ոք կասկածի տակ չէր դնի այն ասելիքը, ուղերձը, որ գալիս է պարի միջոցով»:

 

 

Հարցին, թե այսուհետ ի՞նչ է անելու, ի՞նչ հեռանկարներ ունի, նա պատասխանեց, որ շարունակելու է աշխատել` ինչպես միշտ: «Ես տարին երկու անգամ մեկնում եմ ԱՄՆ` վարպետության դասեր տալու: Ես բալետային ընտանիքի մի մասն եմ և ուզում էի Հայաստանին էլ այս մասը դարձնել: Ինձ ի՞նչ կա, ես ունեմ իմ ուղին, բայց ցավ եմ ապրում մերոնց համար: Մեզ մոտ կարգ ու կանոն չկա, ասում են` դե, կանենք, էլի, ախպե’րս: Այ, այդ ախպերական մթնոլորտը կեղծ է, դա թուլության նշան է: Ասում են` որ պետք լինի, կմեռնենք հայրենիքի համար, չէ՛, հարգելի’ս, մեզ ոչ թե մեռնող է պետք, այլ հաղթող»,- ասում է Խառատյանը:


ՀՀ ժողովրդական արտիստի համոզմամբ, ոչ միայն բալետին, այլեւ ողջ երկրին կարգուկանոնն է պակասում ու ճիշտ ուղղությունը. «Հենց կարգուկանոն լինի, ամեն ինչ տեղը կընկնի»: Ասում է՝ էական չէ, ինքն այսօր գլխավոր բալետմայստերն է, թե ոչ, կարեւորը հայկական բալետի ապագան է ու ճիշտ ուղղությունը. «Հայկական բալետը պարփակվել է ինքն իր մեջ, իրեն համեմատում է ո՞ւմ հետ, «Բարեկամությա՞ն» …Ի դեպ, «Բարեկամությունը» շուտով Ֆրանսիայում դասական բալետ է ներկայացնելու , իսկ դա ոչ այլ ինչ է, քան աղավաղում է…»: