ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Գուրգեն Արսենյանն ԱԺ-ում իր ելույթի ժամանակ խոսելով «Ակցիզային հարկի մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու նախագծի մասին նշել է.

«Ես խոսում եմ հարուստների անունից, և իմ ելույթն ընդունեք հարուստ մարդկանց տրվող գնահատական։ 2008թ. իշխանության ձևավորումից հետո, երբ վարչապետ նշանակվեց նախկին վարչապետը, Հայաստանում փոխվեց ընդհանրապես պետական կառավարման փիլիսոփայությունը։ Վեց տարվա պետական կառավարման արդյունքում ՀՀ–ն ունեցավ զրո՛ տոկոս տնտեսական աճ, 14 տոկոս տնտեսական անկում և, իմ գնահատականներով՝ արտագաղթ. 240-270 հազար մարդ հեռացավ ՀՀ–ից, և հեռացան այն մարդիկ, ովքեր կարող էին ինչ–որ բան ստեղծել: Հերիք ա մեր երկրում ապրել պարտքի փիլիսոփայությամբ»:

ԱԺ պատգամավորը իր խոսքում նշեց, որ պետք է դադարեն սուտ խոսելուց և պետք է պետական կառավարման ոլորտն ազատենք ստախոսությունից:

«Ժամանակն է, որ մենք դադարենք սուտ խոսելուց, պետական կառավարման ոլորտն ազատենք ստախոսությունից, որովհետև այն հիմնավորումները, որոնք հրամցվեցին ԱԺ–ին, դրանց հիմքում ընկած է ստախոսությունը։ Որևէ բան ուղղված չէ ՀՀ քաղաքացիների շահերի պաշտպանությանը։ Հարուստների դեմ պայքարելն ամենալավ բանը չէ. պետք է պայքարել աղքատության դեմ, պետք է պայքարել, որ աղքատները դառնան հարուստ»,-ասաց Գուրգեն Արսենյանը։

Վերջինս անդրադառնալով ՀՀ նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանի մասին ասաց.

«Այդ մարդը՝ որպես քաղաքական գործիչ, Հայաստանի վաստակավոր ստախոսն է: Նա ուրիշ ոչ մի բան չի արել. միայն սուտ է խոսել։ Եկել է ԱԺ, պարտադրել է, որպեսզի ԱԺ–ն ընդունի օրենքներ, ստախոսությա՛մբ է պարտադրել»: