Սոցիոլոգ Ահարաոն Ադիբեկյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ անդրադրձել է «Օրինաց Երկիր» կուսակցության կոալիցիայից դուրս գալուն եւ Ազգային ժողովի նախագահի ընտրություններում խորհրդարանական խմբակցությունների քվեարկություններին:
«Օրինացի դուրս գալն անակնկալ էր այնքանով, որ Արթուր Բաղդասարյանը լինելով Անվտանգության խորհրդի քարտուղար, բավականին լուրջ աշխատանքներ է կատարել և հաջողությունների է հասել»- նշում է Ադիբեկյանը:
Ըստ նրա խնդիրն այն է, որ ժողովրդավարական համակարգում երբ կոալիցիա են ստեղծում, մեծամասնություն և փոքրամասնություն ասվածը վերանում է, «քանի որ այնտեղ բոլորի ձայները հավասար են լինում: Իսկ այս դեպքում քանի որ ՕԵԿ-ին այսպես թե այնպես լսող չէր լինելու կուսակցությունն այդ որոշումը կայացրեց, բայց պետք է հաշվի առնել, թե դուռը շրխկացնելուց հետո ո՞ւր է գնալու: Դա դառնում է կարևոր խնդիր»- կարծում է բանախոսը:
Անդրադառնալով Ազգային ժողովի նախագահի ընտրություններում խորհրդարանական խմբակցությունների քվեարկություններին, հատկապես «Օրինաց երկիր» և «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունների քվեարկությանը, Ահարոն Ադիբեկյանն ասաց, թե դրանք կենտրոնամետ ընդդիմություն են և որոշ հարցերում կաջակցեն կամ չեն խանգարի իշխանությունների կայացրած որոշմանը:
«Իսկ այն սկզբունքային հարցերում, որոնցով նրանք առանձնանում են քաղաքական դաշտում, մինչև կյանքի վերջ հետամուտ կլինեն, որ իրենց դեմքը չկորցնեն: Նրանք դեմք կորցնելու խնդիր ունեն»,- հավելում է Ահարոն Ադիբեկյանը:


