Սոցիալական ապահովության պետական ծառայության նախկին ղեկավար Վազգեն Խաչիկյանի և ևս 12 անձանց վերաբերյալ գործով դատական նիստն այսօր հետաձգվեց մինչև մարտի 19-ը։
Հետաձգման պատճառն այն էր, որ գործով երկու ամբաստանյալները՝ Բագրատ Մուրադյանը և Արմեն Խաչատրյանը, հրաժարվեցին իրենց պաշտպան Ռոբերտ Մանվելյանի ծառայություններից և խնդրեցին իրենց ապահովել հանրային պաշտպանով, քանի որ չունեն բավարար ֆինանսական միջոցներ։ Երևանի Կենտրոն և Նորք -Մարաշ վարչական շրջանների դատարանը՝ դատավոր Մխիթար Պապոյանի նախագահությամբ, կդիմի հանրային պաշտպանի գրասենյակ՝ խնդրելով ամբաստանյալներին ապահովել հանրային պաշտպանով։
Պաշտպանական կողմը հայտարարեց, որ երկշաբաթյա ժամկետը բավարար չէ` հանրային պաշտպան հրավիրելու և գործի նյութերին ծանոթանալու համար, սակայն նախագահող դատավորը նշեց, որ ժամկետը ողջամիտ է։ Համենայն դեպս, դատավարության նախապատրաստական փուլի համար դատարանը միջոցներ կձեռնարկի` պաշտպաններ ներգարվելու և հնարավորություն կընձեռի գործի նյութերին ծանոթանալու համար։ Եթե ժամկետը չբավարարի, ապա դատաքննության փուլում, անհրաժեշտության դեպքում, կտարմադրվի ևս մեկ շաբաթ՝ գործի նյութերին ծանոթանալու համար։
Դատարանի դահլիճն ակնհայտորեն փոքր էր` ինչպես դատավարության մասնակիցներին, այնպես էլ դատավարությանը ներկա գտնվելու ցանկություն ունեցող բոլոր մարդկանց տեղավորելու համար: Ուստի` առաջարկվեց ավելի մեծ դահլիճում անցկացնել դատավարությունը, և դատավորը խոստացավ դիմել դատական դեպարտամենտի ղեկավարին՝ հնարավորության դեպքում համապատասխան դահլիճ տրամադրելու խնդրանքով,գրում է Փաստինֆոն։
Ամբաստանյալ Հովհաննես Հովհաննիսյանի պաշտպաններ ներգրավվեցին փաստաբաններ Լուսինե Սահակյանը և Երվանդ Վարոսյանը։
Հիշեցնենք, որ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության սոցիալական ապահովության պետական ծառայության պետ Վազգեն Խաչիկյանը Ծառայության մի շարք պաշտոնատար և պատասխանատու անձանց հետ, կազմակերպված խմբով, 2006–2010թթ. ընկած ժամանակահատվածում, օգտագործելով իրենց պաշտոնեական դիրքը, պաշտոնեական կեղծիք կատարելու, այն է՝ կենսաթոշակի կասեցված վճարումը վերսկսելու վերաբերյալ վճարման իրավունք վերապահող կեղծ դիմումներ պատրաստելով կամ առանց այդ դիմումների վճարային ցուցակներում կենսաթոշակառուների ստորագրությունները կեղծելու միջոցով անհիմն ելքագրել և յուրացման եղանակով հափշտակել են իրենց վստահությանը հանձնված, մահացած կամ ՀՀ տարածքից բացակայող կենսաթոշակառուների վճարումը կասեցված կենսաթոշակի առանձնապես խոշոր չափերի, ընդհանուր՝ 260.956.681 ՀՀ դրամ գումարները: Բացի այդ, ըստ մեղադրանքի, Վազգեն Խաչիկյանը խարդախությամբ հափշտակել է պետական բյուջե վերականգնման ենթակա, առանձնապես խոշոր չափերի` 29.000.000 ՀՀ դրամ գումար:
Արձանագրենք, որ մեղադրանքը դատարանում պաշտպանում է 3 դատախազ՝ Հովհաննես Ենոքյանը, Կարեն Հովհաննիսյանը եւ Ռոստոմ Դանիելյանը։