Վրաստանում կրկին աղմուկ է բարձրացել քաղաքացիներին գաղտնալսելու հարցի շուրջ: Բանն այն է, որ վրաց հասարակության շրջանում կասկածներ են առաջացել, որ ժամանակին մարդկանց անօրինական գաղտնալսելու համար նախկին իշխանություններին մեղադրող «Վրացական երազանք» կոալիցիայի անդամները, որոնք ներկայում գործող իշխանությունն են ներկայացնում, իրենք են սկսել կատարել նույն չարագործությունը՝ գաղտնալսել քաղաքացիներին: Վերոնշյալ խնդիրը լայն քննարկման առարկա դարձավ այն բանից հետո, երբ վերջերս բնապահպանության նախկին նախարար, այժմ ընդդիմադիր պատգամավոր Գ. Խաչիձեն մի փորձարկում արեց, այն է՝ հեռախոսով իր թիմակիցներին տեղեկացրեց, թե իբր կոնկրետ օրը, կոնկրետ ժամին ցանկանում է վարչապետ Ի. Ղարիբաշվիլիի տան մոտ բողոքի ակցիա անցկացնել, որից հետո ցուցադրեց, թե ինչպես այդ հեռախոսային պայմանավորվածությունից հետո, նշված օրը վարչապետի տան մոտ հավաքվեցին տասնյակ ոստիկաններ, այդ թվում՝ ոստիկանական բաժանմունքի մի քանի ղեկավարներ: Խաչիձեն դրանոց փորձեց ապացուցել, որ գործող իշխանություններն ապօրինի գաղտնալսում են մարդկանց, և վերջիններից բացատրություն պահանջեց: ՆԳ նախարարությունն պատգամավորի արարքն անլուրջ որակեց՝ նշելով, որ վարչապետի անվտանգության ապահովումը ոստիկանության պարտականությունն է, և դրանում արտառոց բան չկա: Նշված խնդրին արձագանքեցին նաև ՀԿ-ները՝ կոչ անելով իշխանություններին հետաքննություն անցկացնել՝ պարզելու համար ճշմարտությունը: «Սա վերաբերում է քեզ, մեզ կրկին գաղտնալսում են» նախաձեռնությունը դիմել է երկրի կառավարությանն ու խորհրդարանին՝ մինչ ՏԻՄ ընտրությունները (ս.թ. հունիսի 15) «Ապօրինի գաղտնալսումների դեմ» օրինագծի շուրջ քննարկումներն անմիջապես վերսկսելու պահանջով: Սակայն ինչպես նշել են Վրաստանի ԱԺ մեծամասնության ներկայացուցիչները, նշյալ օրինագծի ընդունումը ժամանակ է պահանջում:
Այնպես, որ եթե իրոք Վրաստանի քաղաքացիներին գաղտնալսում են, ապա դա դեռ երկար կարող է շարունակվել:
Վերոնշյալ նախաձեռնության հեղինակները, իրենց պահանջը չկատարելու դեպքում, սպառնում են բողոքի ակցիաներ սկսել ողջ երկրի տարածքով:
Ի դեպ, իշխանության գալուց հետո գործող կառավարությունը որոշում կայացրեց ոչնչացնելու նախկինում կատարված գաղտնալսումների արխիվային բազան:
Ֆեյսբուքյան իր էջում գրել է վրացագետ Ալիկ Էրոյանցը