Վերջին ամիսներին օդային փոխադրումների ոլորտում առկա է և ուղևորների թվի, և չվերթների թվի կանոնավոր աճ: Սա ՀՀ կառավարության կողմից հայտարարված «բաց երկնքի» քաղաքականության արդյունք է: Այս մասին տեղեկացնում է «Արմենիա Միջազգային Օդանավակայաններ» ՓԲԸ-ի լրատվական ծառայությունը։

2014թ. ապրիլին, 2013թ. նույն ժամանակահատվածի համեմատ «Զվարթնոցում» ուղևորահոսքն ավելացել է 17 տոկոսով: Եթե 2013թ ապրիլին «Զվարթնոց» միջազգային օդանավակայանի ծառայություններից օգտվել է 116 838 ուղևոր, ապա 2014թ ապրիլի ցուցանիշը կազմում է 136 730 ուղևոր:

Չվերթների աճը այդ ժամանակահատվածում կազմել է 40 տոկոս: 2014թ. ապրիլին կատարվել է 1 643 չվերթ` նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 1 175 չվերթի համեմատ:

Եթե 2013թ. ապրիլին դեպի «Զվարթնոց» կանոնավոր չվերթներ իրականացնում էին 27 ավիաընկերություններ, ապա այժմ դրանց թիվը 33 է: Բացի այդ, ավիաընկերություններից շատերն ավելացրել են իրենց հաճախականությունները բոլոր ուղղություններով, ինչը հանգեցրել է ավիատոմսերի գնի նվազմանը: